Ունենալ պահանջարկ, քիչ աշխատել և շատ վաստակել. ՀՀ-ում մասնագիտություն-աշխատաշուկա «առճակատում» կա

Հայաստանում կրթական խնդիրներից ամենակարևորներից մեկը տարբեր մասնագիտությունների հանդեպ դիմորդների կամ ուսանողների ունեցած հետաքրքրվածության հարցն է: Նրանք առաջին հերթին մտածում են ձեռք բերել այնպիսի մասնագիտություն, որով հետագայում հնարավոր կլինի շատ գումար աշխատել:

Հաճախ դիմորդներին կամ ուսանողներին ծնողներն են առաջնորդում՝ համոզելով ընտրել այնպիսի մասնագիտություն, որով հնարավոր կլինի և՛ լավ աշխատանք գտնել, և՛ բարձր վարձատրվել:

Հաշվի առնելով, որ 2022-ին Երևանի պետական համալսարանում ամենապահանջված բաժիններից մեկը «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժինն է եղել՝ կարելի է ենթադրել, որ մեր օրերում ծրագրավորողները լավ գումար են վաստակում, և սա էլ ստիպում է երիտասարդներին գնալ այս ուղղությամբ:

Այս ամենի ֆոնին էլ առաջանում է աշխատաշուկա-մասնագիտություն «առճակատումը». լավ վարձատրվող մասնագիտությունների կողքին անտեսվում են այն մասնագիտությունները, որոնք հնարավոր է՝ քիչ վարձատրվող են, սակայն, նկատենք, որ դրանց պահանջարկը աշխատաշուկայում նույնպես կա:

2022 թվականին բուհերի ամենապահանջված բաժինները հինգն են եղել՝ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ», ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում», ԵՊՀ-ի «Իրավագիտություն», Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ ամենապահանջված մասնագետներից են նաև անգլերենին տիրապետողները, միջազգային հարաբերություններ բաժինն ավարտողները։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խաչատրյանը նկատում է՝ աշխատաշուկային և մասնագիտություններին իրար կապող պատկերը, սակայն, տարբեր է:

«Մենք կարող ենք ունենալ մասնագիտություններ, որոնք պահանջված են, օրինակ՝ արհեստագործական ոլորտի հետ կապված մասնագիտությունները, էլեկտրիկի, մեխանիկի, և շուկայում կարիք լինի դրանց տիրապետող աշխատողների, բայց այդ բաժինները դիմորդ չունենան, քանի որ երիտասարդներին չեն հետաքրքրում։ Տարիներ առաջ պարզվել էր, որ ռուսերենի մասնագետների պահանջարկ էլ կա, սակայն դիմորդները շատ քիչ են և աշխատաշուկայում նման մասնագետների են փնտրում։ Նշեք, որ այժմ նաև ուսուցիչներն են պահանջված, մասնագիտությունն արդի է, սակայն ցածր աշխատավարձի պատճառով դիմորդները քիչ են»,- նկատում է նա:

Կրթության փորձագետի խոսքով՝ լինում է նաև այնպես, որ որևէ մասնագիտության պահանջարկ շատ կա բուհերում, սակայն դրան տիրապետող մասնագետների կարիքը քիչ է զգացվում։ Խաչատրյանը միևնույն ժամանակ նկատում է՝ կրթությունը շատ դեպքերում կենտրոնանում է եկամտաբեր մասնագիտությունների վրա, աշխատաշուկան էլ պահանջում է այնպիսի աշխատողների, որոնց հնարավոր է ցածր վարձատրել:

«Ոլորտի այս խնդիրները կարգավորելու համար ամենակարևորը պետք է վճարումների անհամամասնությունը նվազեցնել։ Վարձատրությունների մեծ տարբերություն է լինում, օրինակ, ուսուցչի աշխատավարձը 80 հազար է, իսկ դատավորինը՝ միլիոնից անցնում է։ Սա պետք է նվազեցնել, գոնե, պետական համակարգում, որովհետև մասնավոր սեկտորում մենք չենք կարող որոշում կայացնել։ Վարձավճարների տարբերությունը եթե ճիշտ լինի, մարդիկ կընտրեն տարբեր մասնագիտություններ։ Մյուս միջոցը՝ բարձրագույն կրթությունը պետք է ֆիքսվի այնպիսի հմտությունների զարգացման վրա, որոնք լինեն ավելի ունիվերսալ, և մարդիկ, անկախ ամեն ինչից, կարողանան համալրվեն աշխատաշուկայի պահանջներին»,- ասում է Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ աշխատաշուկայում աշխատողների պահանջարկը չլրացված լինելը շատ հաճախ գալիս է նաև նրանից, որ մարդիկ չեն ցանկանում ծանրաբեռնված աշխատանք կատարել։ Սակայն կան որոշ աշխատանքներ, որոնց չծանրաբեռնվածությունն էլ խաբուսիկ է․ «Օրինակ՝ թվում է, թե ուսուցչի աշխատանքը վերջանում է ժամը 2-ին, սակայն, ըստ արտասահմանյան հետազոտության, ուսուցիչը մեկ ժամում ծախսում է այնքան էներգիա, որը գրասենյակային աշխատողը սպառում է 2 ժամում»։

Այս ամենին զուգահեռ, Խաչատրյանի խոսքով, կա նաև մեկ այլ խնդիր. երբ երիտասարդները չեն ցանկանում բարձրագույն կրթությանը մեծ գումարներ և տարիներ տրամադրել, ընտրում են ավելի դյուրին միջոց․ գրանցվում որևէ կազմակերպության կազմակերպած դասընթացներին, որոնք տևում են 6-3 ամիս, հետո՝ աշխատանքի անցնում մասնավոր սեկտորում։ Դրա հետևանքով այն աշխատատեղերը, որոնք, օրինակ, ծրագրավորողի աշխատանքի համար պահանջում են դիպլոմ, թափուր են մնում․ «Հայաստանում բարձրագույն կրթությունը թանկ է ու ժամանակատար։ 4 տարի սովորում են միայն բակալավրում և մեծ գումարներ ծախսում։ Դրա համար մարդիկ ընտրում են այդ հեշտ ճանապարհը։ Դա նորմալ է, որովհետև կան հմտություններ, որոնք նրանք կարող են սովորել ամիսների ընթացքում շատ արագ»։

Միևնույն ժամանակ կրթության փորձագետը չի ժխտում բարձրագույն կրթության կարևորությունը։ Ըստ նրա՝ այն ձևավորում է անձի մտածելակերպը, զարգացնում՝ որպես քաղաքացիական անձ։

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ աշխատաշուկայի և մասնագիտությունների անհամամասնությունը մշակութային խնդիր է համարում։ Ըստ նրա՝ դա գալիս է նաև կրթության ցածր մակարդակից։ Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ մեր կրթական համակարգը դասագրքային է, այդ պատճառով երիտասարդները սովորում են միայն այն, ինչ կա դասագրքերում:

«Ոչ թե այն, ինչ կա աշխարհում։ Նրանց գիտելիքները նեղ են։ Տեսնում ես, օրինակ, մեկը Շվեյցարիայում է սովորել ու կանանց վերաբերող խնդիրներին ավելի սուր է արձագանքում, դու հասկանում ես, որ դա մշակույթի արտացոլումն է։ Ամենակարևորը նաև ժամանակը գնահատելն է, որը մեր դպրոցներում չկա։ Ամբողջ աշխարհում ամեն ինչ չափում են ժամանակով»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ ներկայումս ուսանողներն ունեն գիտելիքներ, սակայն չգիտեն՝ դրանք ինչպես օգտագործել և ինչպես դրանց միջոցով գումար վաստակել. «Ամերիկայում երեխային փոքրուց ասում են՝ ձրի ուտելիք չկա, դա մեծ նշանակություն ունի։ Այդպիսի վարքագիծ մեզ մոտ էլ պետք է լինի։ Մեր համապատասխան մարմինները, որոնք այս ոլորտի հետ կապված խնդիրները պետք է ուսումնասիրեն, միմյանց հետ կապակցված չեն։ Տարբեր բուհերի հոգաբարձուների խորհուրդներում կան անձինք, որոնք գործարարներ են: Բայց արդյոք նրանք այնպիսի՞ գործարարներ են, որոնք աշխատաշուկայում ունեն խնդիր։ Կամ էլ այդ խորհուրդներում պետք է ներգրավված լինեն այնպիսի գործարարներ, որոնք աշխատաշուկայի հարցը կլուծեն»։

«Անտարես» հրատարակչության տնօրենի խոսքով՝ Հայաստանում նաև գիտելիքների նորարարության պակաս կա։ Աշխատաշուկայի հարցի լուծման հետ կապված էլ ընդգծում է՝ բուհերը պետք է համագործակցեն ռեալ գործատուների հետ։ Նա նկատում է, որ խնդիրները արդի կամ ոչ պահանջված մասնագիտությունների մեջ չեն. որակյալ մասնագետ ստանալու համար դպրոցը պետք է ամուր հիմք դնի, բուհը ամրապնդի այդ հիմքը, գործատուն էլ լավ մասնագետ պահանջի։
Մարտիրոսյանը կարծում է, որ մեզ մոտ կրթական մակարդակը կբարձրանա միայն այն ժամանակ, երբ բուհում ստացած գիտելիքները բավարարեն գործատուին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ