Նման նամակ միայն Ալիևին է ձեռնտու, բայց չեմ կարծում՝ նա է, կարող եմ ենթադրել՝ Քոչարյանն է, Վարդանյանը. Հասմիկ Հակոբյան

Երեկ հայտնի դարձավ, որ մի խումբ մտավորականներ նամակ են հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որի բովանդակությանը ծանոթանալով՝ մեղմ ասած՝ տարակուսանք է առաջանում՝ նամակի տակ ստորագրած մտավորականներն առհասարակ այն կարդացե՞լ են, թե՞ ոչ:

Բանն այն է, որ անգամ մի քանի անգամ նամակը կարդալուց հետո դժվար է հասկանալ, թե դրա տակ ստորագրած մարդիկ ի՞նչ են պահանջում կամ առաջարկում:

Մեջբերում ենք վերոնշյալ նամակի թերևս ամենաուշագրավ հատվածը. «Հիշեցնենք, որ մարդկության պատմությունը լի է տարբեր երկրների և ժողովուրդների հաղթանակներով ու պարտություններով։ Սովորաբար մեկի հաղթանակը մյուսի պարտությունն է։ Դեռևս անտիկ ժամանակներից սկսած՝ պարտված արքաները, զորավարները, գերագույն հրամանատարները խայտառակ պարտությունից հետո կա՛մ ինքնասպան են լինում, կա՛մ հրաժարական տալիս՝ կախված իրենց բարոյական նկարագրից ու խղճի, պատվի զգացումից։ Մենք ընդամենը փաստ ենք արձանագրում, ներկայացնում իրողությունը»:

Գրականագետ Հասմիկ Հակոբյանը, որը ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել էր նամակին և նկատել, որ ինքնասպանության կոչը լուրջ մեղադրանք է, հակաիրավական ու հեչ հարիր չէ մտավորականին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ ինքը ևս մի քանի անգամ կարդացել է այն, որպեսզի հասկանա, թե ի՞նչ պահանջ է դրված դրանում:

Վերջինիս եզրահանգել է, որ որևէ հարց չլուծող խնդրագիր է, սակայն այն ունի մի քանի վիճահարույց կետ:

«Նամակի բովանդակությունը տարակուսելի է մի քանի իմաստով: Այստեղ դրդում են մարդուն ինքնասպանության և հրաժարականի: Մտավորականը ստորագրում է երկրի ղեկավարին ինքնասպանության դրդելու կոչի տա՞կ: Քաղաքական իմաստով էլ է դա տարակուսելի: Ես Արայիկ Հարությունյանի հրաժարականով որևէ օգուտ չեմ տեսնում: Մենք հետո կարող ենք այնտեղ ընտրություն անելու հնարավորություն ընդհանրապես չունենալ: Այս պահին պահանջել, որ Արայիկ Հարությունյանը ինքնասպան լինի, հակաիրավական է, պահանջել, որ հրաժարական տա, հօգուտ Արցախի չէ: Եվ զարմանալի է, որ Արցախի համար մտահոգվող մարդիկ՝ գիտակից արվեստագետներ, իրավապաշտպանության ոլորտում աշխատող մարդիկ, ստորագրում են նման բովանդակության տակ»,- ասում է գրականագետը:

Վերջինս նկատում է, որ նման բովանդակությամբ տեքստը ձեռնտու և ականջ շոյող կարող էր լինել միայն Ալիևի համար:

«Տպավորություն էր, որ սա միայն Ալիևին է ձեռնտու, սակայն չեմ կարծում, թե դրա հետևում Ալիևն է կանգնած (- հեղ. ծիծաղում է): Կարող եմ ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանն է, Ռուբեն Վարդանյանը, բայց չեմ ուզում հավատալ, որ Հայաստանում կան նման ուժեր և մարդիկ, որ այս նեղ պահին կարող են նման քայլերի գնալ: Ամեն ինչ ավերել, միայն թե իրենց ուզածը լինի»,- նշում է Հասմիկ Հակոբյանը:

Նրա դիտարկմամբ՝ նամակը գրել է մեկ մարդ՝ Սերժ Սրապիոնյանը. «Ենթադրում եմ, որ իր ոճին հարիր նամակ է սա, իր պաթոսն ու ձեռագիրը: Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մենք այլևս կլիշեներով ենք մտածում: Բավական է ասել «ազգադավ իշխանություն», «փրկել Արցախը», մյուս կողմին պիտակավորել՝ որպես քիչ հայրենասեր՝ «թրքասեր», ու արդեն ցանկացած տեքստի տակ կարող են ստորագրել: Երկու տարի ինձ պիտակավորում են՝ որպես «թրքասերի»: Իմ խորին համոզմամբ՝ ցանկացած գիտակից մարդ, եթե վերլուծեր ոչ մի օգուտ չտվող և միայն հեղինակությունը բոլոր իմաստներով վնասող այս նամակը, չպիտի ստորագրեր նման հայտարարության տակ: Ստորագրողների ցանկում ամենայն ազնիվ մղումներով մարդիկ կան, որոնց անձամբ ճանաչում եմ և վստահ եմ՝ նրանք, տեսնելով Արցախ բառը, մտածել են՝ օգուտ են տալիս»,- կարծում է գրականագետը:

Նրա խոսքով՝ որոշների համար էլ դա հարթակ է, որտեղ անունը կնշվի՝ որպես գրողի. «Իր էգոն շոյելու ձև է, որ իր կարծիքը հաշվի են առել, և ինքը մտածում է ազգի մասին»:

Նկատենք, որ օպերային երգչուհի, ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, նամակը հրապարակվելուց րոպեներ հետո «Ֆեյսբուք»-ի էջում հիշատակելով այն հրապարակած «Առավոտ» օրաթերթին, գրել է. «Ես չեմ ստորագրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հեռացնելու նպատակով մի շարք մտավորականների կողմից կազմած դիմում-նամակի տակ… հայցում եմ ձեր ներողամտությունը»:

«Հայկական ժամանակ»-ի հարցադրմանը՝ ի վերջո, ինչպե՞ս է իր անունը հայտնվել ստորագրողների շարքում, Հասմիկ Պապյանն ասաց. «Թյուրիմացություն է եղել, այո՛, ես չեմ ստորագրել։ Բայց քանի, որ հարցման ցուցակում նախապես եղել է նաև իմ անունը, ուրեմն մեքենայաբար այն գրանցվել է ստորագրողների շարքում։ Մեծ խնդիր չէ, ես զգուշացրեցի, կարծես շտկել են վրիպակը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ