Ինքներս մեզանից պետք է նեղանանք, ոչ թե Լավրովից. Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

–Պարոն Բաբայան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները, հետո ՀՀ նախկին իշխանությունները հրաժարվում էին ՌԴ միջնորդությունից՝ ցանկանալով պահել գրաված տարածքները, որոնք իրենց չէին պատկանում և որ Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության վերաբերյալ։

–Խնդիրն այն է, որ անկախ նրանից՝ ով ինչ գնահատական է տալիս, մենք այն կարծիքին ենք, որ Ադրբեջանը ագրեսոր երկիր է և նրա նպատակը Արցախը ոչնչացնելն է։ Ընդ որում՝ ոչ միայն Արցախը, մենք հիմա տեսնում ենք, որ փորձում են իրագործել իրենց ծրագրերը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջան սուբյեկտի գործարկումն են մեկնարկել, նույնիսկ ՄԱԿ-ում են իրենց նամակները տարածել։ Քաղաքական գնահատականները պարզ են, և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն և՛ Եվրոպան՝ չճանաչելով Արցախի Հանրապետությունը, այդ չճանաչվածության պատճառով մտածում են, որ այն ինչ տեղի է ունեցել 1991-1994 թվականներին, իրավական ճանապարհով պետք է այդ հարցին մոտենալ։ Շատ կարևոր է, որ այնուամենայնիվ Արցախն էլի որպես սուբյեկտ՝ անուղղակիորեն ճանաչվում է, որովհետև այդ 7 շրջանների մեջ չի մտնում նախկին ԼՂՀ-ն՝ մինչև 1991 թվականի սահմաններով։ Այս հարցն էլ կա։ Կարևորը մենք տեղի ունեցածին ճիշտ գնահատական տանք, մեր ազգային շահերից ելնելով։ Թե այլ երկրներ ինչ գնահատական են տալիս՝ կարող է լինել քաղաքական, դիվանագիտական խաղ։ Մենք սրա վրա չպետք է կենտրոնանանք, այլ ինքներս մեր վրա։ Եթե մենք ասում ենք, որ Քարվաճառը հայկական չէ, էլ ինչու՞ պետք է ուրիշից նեղանանք։ Եթե մարդ կա, որ ասում է Արցախն ադրբեջանական է, արցախցիները կարող են ապրել Ադրբեջանի կազմում, էլ ինչի՞ պետք է ուրիշներից նեղանանք։

–Պարզապես այդ ուրիշը մեր ռազմավարական դաշնակիցն է և մեզ համար այդ հանգամանքն է տարակուսելի և վիրավորական։

–Ես շատ բան եմ հասկանում, բայց խնդիրը հետևյալն է. եթե մարդ կա, որ ասում է Քարվաճառը հայկական չէ, մեր հողերը չեն, նույնիսկ ասում են՝ ի՞նչ է եղել որ, թող Ղարաբաղն Ադրբեջանի կազմում մնա, իրենցն է, էլ ինչի՞ մասին է խոսքը, ումի՞ց ենք նեղանում։ Եթե նեղանում ենք՝ ինքներս մեզանից պետք է սկսենք։ Եթե ինքներս մեզանից չենք սկսում, ուրեմն ուրիշի շահերն ենք սպասարկում՝ այս կամ այն կենտրոնների, կազմակերպությունների կամ չգիտեմ ինչ հիմնադրամների։ Ես այս կարծիքին եմ՝ ով ինչ ուզում է ասի, կարևորը մենք մեր շահերը պաշտպանենք։ Եթե մենք չենք պաշտպանում, ուրեմն բարոյական իրավունք չունենք որևէ մեկին մեղադրենք։ Ավելին՝ եթե մեղադրում ենք, ուրեմն պատվեր ենք կատարում, իմ մոտեցումը սա է։

-Բայց սրանով մեր դաշնակիցը փաստորեն պատերազմ է արդարացնում.. խոսում է վերադարձնելու մասին, բայց չի նշում, որ այդ ճանապարհն իր համար անընդունելի էր…

–Ով ինչ գնահատական ուզում է տա, եթե հայն իր բերանով ասում է, որ Քարվաճառն ադրբեջանական է, սրանից էլ մեծ արդարացո՞ւմ պատերազմին։

-Դրանք մասնավոր դեպքեր են, սա պետության կարծիք է..

-Մասնավոր չենք, մենք տեսնում ենք, որ դժբախտաբար մասնավոր չեն։

Առհասարակ ինչո՞ւ ենք կենտրոնանում հենց Լավրովի վրա։

-Լավրովն է նման հայտարարություն արել։

-Ուրիշները չե՞ն ասել։ Եվրոպական տարբեր կառույցների ղեկավարներ Ադրբեջանին գովաբանում են, ասում են՝ մեր ռազմավարական դաշնակիցն է, դա ի՞նչ է՝ արդարացում չէ՞։ Հետևաբար պետք է որևէ մեկից չնեղանանք, ինքներս մեզանից սկսենք, հետո նոր պահանջենք ուրիշներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ