Իրանը Իսրայելին պատասխան կտա, երբ անհրաժեշտ համարի. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի պատասխան տալ Իսրայելին Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման համար «այնտեղ և այն ժամանակ, երբ հարմար է գտնում»: ISNA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին։

Ավելի վաղ Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված իր նամակում Թել Ավիվին անվանել էր Իրանում ռազմական օբյեկտի վրա հարձակման գլխավոր պատասխանատու:

«Միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա Իրանի Իսլամական Հանրապետությունն իրեն է վերապահում ազգային անվտանգության պաշտպանության լեգիտիմ և անքակտելի իրավունք ու վճռական պատասխանի իրավունք՝ Իսրայելի ցանկացած սպառնալիքի կամ ոչ իրավաչափ գործողության այնտեղ և այն ժամանակ, երբ անհրաժեշտ կհամարի», — նշել է դիվանագետը:

Հիշեցնենք` հունվարի 29-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակում էր իրականացվել Իրանի ՊՆ ռազմական օբյեկտներից մեկի վրա։ Ավելի ուշ հայտնեցին Ազարշահր քաղաքի գործարանում բռնկված հրդեհի և Քարաջում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ոչ պաշտոնական տվյալներով` այնտեղ մարտական անօդաչուների արտադրության գործարաններ են գտնվում։ Ամերիկյան մամուլը գրում է, որ այս ամենի մեջ իսրայելական հետք կա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ