Անդրանիկ Սարգսյանն ակնկալում է հանրության աջակցությունը. նա առողջական խնդիրներ ունի

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, նախկին ռազմագերի 32-ամյա Անդրանիկ Սարգսյանը հանրության օգնության կարիքն ունի։

Բանն այն է, որ նա, պատերազմի ժամանակ գերեվարվելով, Բաքվի բանտում անցկացրած ժամանակահատվածում առողջական խնդիրներ է ձեռք բերել:

«Ողնաշարի խնդիրներ ունեմ, որոնք այդ ժամանակ են առաջացել։ Չեմ կարողանում ծանր աշխատանք անել։ Հայաստանում հնարավոր է բուժել, պարզապես ֆինանսական միջոցներ են պետք, որոնք ես չունեմ»,- «Հայկական ժամանակ»-ի զրույցում ասում է նա:

Անդրանիկ Սարգսյանը բնակվում է մոր հետ միասին, նա համարվում է նաև մայրիկի միակ խնամակալը։

Նրա խոսքով՝ սկզբում վարձով բնակվել են Երևանում, սակայն տան տերը վարձը բարձրացրել է մինչև 300 հազար դրամ։ Պահանջվող գումարը չկարողանալով վճարել՝ ընտանիքը տեղափոխվել է Արմավիրի մարզ՝ Արմավիր քաղաք․ «Ես Երևանում ավտոբուսի վարորդ էի աշխատում, բայց որ տեղափոխվեցինք, չկարողացա աշխատանքս շարունակել։ Այստեղ չեմ կարողանում գործ գտնել։ Փնտրում եմ աշխատանք, գրանցվել եմ տեղի Միասնական սոցիալական ծառայության գրասենյակում։ Հիմա խնդրում եմ՝ ով ինչով կարող է ինձ օգնի»։

Անդրանիկը դրամահավաքի համար որևէ կոնկրետ գումար չի նախատեսել, ասում է՝ բուժումը երկարատև է, բացի դրանից՝ նախ ցանկանում է Արմավիրի տան երկու ամսվա վարձը վճարել. տանտերը ըմբռնումով է մոտեցել, բայց երկու ամսից ավելի սպասել չի կարող։

Անդրանիկին աջակցություն ցուցաբերելու համար գումար կարող եք փոխանցել նրա մոր՝ Ալինա Ենգիբարյանի հաշվեհամարին։

Ստացող՝ Ենգիբարյան Ալինա Ռաֆիկի, հաշվեհամար՝ 16600 18230290100։

Անդրանիկի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել՝ 093 44 50 03։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ