Վարչապետին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին  ԵԽԽՎ-ում  հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը, գրանցումը դեռեւս շարունակվում է:

Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:

«Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական եւ այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ:

Հարցերը կլինեն բազմազան: 15-20 րոպե կլինի ելույթի համար եւ մոտ 30-35 րոպե կհատկացվի հարց ու պատասխանին»,- մանրամասնեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիների հարցերը կանխատեսելի են:

Նա շեշտեց, որ ՀՀ վարչապետի՝ Ստրասբուրգ կատարելիք այցից ակնկալիքները մեծ են:  «Մենք լայն օրակարգ ունենք Եվրոպայի խորհրդի հետ, հատկապես օրենսդրական բարեփոխումների, Եվրոպայի խորհրդի մի շարք կոնվենցիաների ստորագրման եւ վավերացման, ինչպես նաեւ մասնագիտական մարմիններին անդամակցությունն ընդլայնելու առումով: Եվ այս քննարկումները միանշանակ կնպաստեն այդ գործընթացին:

Մենք ունենք գործողությունների ծրագիր Եվրոպայի խորհրդի հետ, 2019 թվականին պետք է տանք մեկնարկը, ծրագիրը նախատեսված է 4 տարվա համար, որը ներառում է տարբեր ոլորտներում աջակցություն կազմակերպության կողմից: Եվ, իհարկե, այս այցը այդ գործընթացին նույնպես լիցք կհաղորդի»,- նշեց Պարույր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վարչապետի այցը նաեւ Ստրասբուրգի հայ համայնքի հետ շփվելու լավ առիթ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ