«Քրիստոնեությունը վկայակոչող «լավ տղեն», որը ուզում էր խունկ ծխել ԱԺ ամբիոնին, մի քիչ ուշացել էր …»  Թամար Հովհաննիսյանը

«Բոլորը խոսում են և առանց շունչ քաշելու, որ դիմացինը չհասցնի հակառակվել և եթե նա այլ կարծիքի է՝ ստիպված է լռել, կամ հեռանալ, կամ կռիվ տալով վերանալ։ Մեր ազգային կենսագրության ընթացքն այսպես է եղել միշտ։»  այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:

«Լռել ենք և կորցրել հնարավորությունը բազմակարծության, հեռացել ենք, թողնելով ասպարեզը նրանց, ովքեր քիչ գիտեն, բայց պնդում են, վերացե՞լ, այնքան ենք քչացել ու որակազրկվել, որ ընդհուպ մոտեցել ենք վերանալու սահմանագծին։ Զուգահեռ անցկացնել այլ ազգային նկարագրի հետ անիմաստ է։ Քրիստոնեությունը վկայակոչող «լավ տղեն», որը ուզում էր խունկ ծխել ԱԺ ամբիոնին, մի քիչ ուշացել էր։ Այդ ամբիոնից խոսել են գողեր, թեպետ պատվիրանն ասում է՝ մի գողացիր, մարդասպաններ, թեպետ ասվում է՝ մի սպանիր, մեծ, շա՜տ մեծ ստախոսներ, թեպետ ասվում է՝ մի ստիր։

Քահանաները լռել են, ավելին՝ իրենք էլ հաճույքով գործել են նույն մեղքը։ Հիմա գանք պղծությանը՝ քահանա տեր չգիտեմինչը, որը անթույլատրելի պահվածքով խոսում էր պղծությունից, ինձնից լավ գիտի, թե ով ում ինչ է անում, ինչպես և որտեղ։ Եվ սա ոչ միայն Հայ Առաքելական Եկեղեցում նաև Կաթոլիկ և ամբողջ աշխարհում։ Գուցե փորձեր խունկ ծխել նախ այնտեղ, որտեղից եկել էր կամ ուղարկվել։ Իսկ հակառակ կողմին՝ ԱԺ փոխնախագահ Ալենին, որը բացառիկ համբերություն դրսևորեց, իհարկե, պիտի ասեմ, որպես թավշյա հեղափոխության ակունքներում կանգնած մարդ, առաջին հերթին ԱԺ-ն պետք է ձեռնամուխ լինի Սահմանադրության փոփոխությանը, քանի որ հեղափոխություն ասվածը հենց դրա փոփոխությունն է։

Չգիտեմ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս հայկական հեղափոխությունները նշանակում են մեկին գցել, մյուսին բերել, ո՛չ-ո՛չ և հազար անգամ ո՛չ։ Հին օրենքները վկայակոչելով օրինական պետություն կառուցել հնարավոր չէ, քանի որ հին օրենքները գրվել են նրան կողմից ու նրանց համար, ում նորերը մերժել են։

Այնպես ինչպես նոր գինին հին տակառներում պահել հնարավոր չէ, ասել է առաջին հեղափոխականը, նույն ինքը՝ Հիսուս Քրիստոսը։ Կարդացեք այն սահմանադրությունը, որին հղում անելով եք աշխարհիկ պետություն անվանում ՀՀ-ը։ Աշխարհիկ պետության մեջ եկեղեցին անջատված է պետությունից և դպրոցը եկեղեցուց, մինչդեռ Հայաստանի Սահմանադրությամբ անմիջականորեն ամրագրված չէ Հանրապետության աշխարհիկ բնույ­թը և առհասարակ չի դրսևորված եկե­ղեցու նկատմամբ որևէ առանձնահա­տուկ վերաբերմունք։ Մտածեք տղաներ, թե որտեղից պետք է սկսել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ