Հայկական «շումախերների» գորշ աշխարհը

Հայաստանը, մասնավորապես Երևանը, վերջին տարիներին դարձել է օտարերկրյա զբոսաշրջիկների գլխավոր երթուղիներից մեկը։ Տուրիստական ենթակառուցվածքների բարելավման առումով Հայաստանում նկատելի տեղաշարժ կա, սակայն կան խնդիրներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ տուրիստական հոսքերի դինամիկայի վրա։

Այս առումով աղետալի վիճակում է տաքսիների ոլորտը։ Սա, թերևս, չվերահսկվող մի ոլորտ է, որտեղ տեր ու տիրակալը տաքսի ծառայություններ մատուցողներն են, կամ անհատ վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում։

Այս ոլորտի ծառայություններից ամեն օր օգտվում են տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում և հազարավոր զբոսաշրջիկներ։ Եվ ինչ են տեսնում այս ծառայություններից օգտվողները՝ վարորդների քմահաճույքով ձևավորվող սակագներ, հնամաշ, տեխնիկապես ոչ սարքին վիճակում գտնվող, մեծամասամբ կեղտոտ, մգեցված ապակիներով մեքենաներ, ծխող վարորդներ։ Բնականաբար, այս ոլորտում բարեխիղճ վարորդներ նույնպես կան, սակայն, ընդհանուր պատկերն աղետալի է։

Տաքսի ծառայություններ մատուցող անհատներն ու ընկերությունները չեն պահպանում մեքենաների տեխնիկական և անվտանգության հասարակ կանոնները։

Հայաստանում տաքսի ծառայությունների մեծ մասը լիցենզավորված չէ, գործում է անօրեն, հաճախ՝ առանց տարբերանշանի: Անհատ տաքսու վարորդներն արդեն մի մի քանի տարի որևէ կառույցի կողմից չեն վերահսկվում, ազատված են հարկերից ու տուրքերից: Սակայն, դա նրանց չի խանգարում չհիմնավորված սակագներով ծառայություններ մատուցել, եթե իհարկե դա ծառայություն կարելի է համարել։

Այս իրավիճակը նաև զբոսաշրջիկների մոտ խայտառակ վատ տպավորություն է թողնում։ Այս իրավիճակը ոչ միայն փնթիության, այլև անվտանգության խնդիր է։

Չգիտես ով է այն հայկական «շումախեր» վարորդը, որը քեզ սպասում է մգեցված ապակիներով մեքենայի ներսում և որը պետք է քեզ տեղափոխի Ա կետից՝ Բ կետը։ Ինչ դաստիարակության,ինչ վարքի ու ինչ մտածողության տեր մարդ կարող է լինել մգեցված ապակիների ներսում։

Չափազանցություն թող չթվա, բայց այս ծառայությունը երկրի դեմքը ներկայացնող ծառայություններից է։ Եթե Հայաստան այցելող զբոսաշրջիկն առաջինը տեսնում է բարեկարգ և բավական տպավորիչ օդանավակայանը, ապա դրանից դուրս և արդեն մայրաքաղաքում նրան սպասում է արդեն ուղևորափոխադրման ոլորտի իսկական խայտառակությունը։

Տաքսի ոլորտի խնդիրների մասին հաճախ է խոսվում։ Սակայն, իրավիճակը ոչ միայն չի կարգավորվում, այլ գնալով ավելի է վատթարանում։ Մինչդեռ, այս բնագավառում անհրաժեշտ են ոչ միայն իրավական կարգավորումներ, այլև մտածելակերպի փոփոխություն։ Այլապես,Հայաստանի «այցեքարտը» կդառնան տաքսիների փնթի ծառայությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ