Թուրքիան պարտավոր է դուրս գալ ՆԱՏՕ-ից: Այս մասին ասել է «Ռոդինա» կուսակցության փոխնախագահ Էթեմ Սանջակը, նրա խոսքերը մեջբերում է Aydınlık թերթը։
«ՆԱՏՕ-ն իր սադրանքներով ստիպում է մեզ գնալ այդ գործողությունների, վերջապես փորձում է մեզ հակադրել մեր հարևան Հունաստանին: Թուրքիան հինգ-վեց ամսից դուրս կգա ՆԱՏՕ-ից, կառույցից դուրս գալը դարձել է հրատապ և պարտադիր»,- ասել է նա:
Սանջակի խոսքով՝ հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ թուրք բնակիչների 80 տոկոսը ԱՄՆ-ին համարում է Անկարայի դեմ թշնամական ու ապակառուցողական քաղաքականություն վարող երկիր։
«Վերջերս կրկին թուրք ժողովուրդը համակրում է Ռուսաստանին և Պուտինին, ժողովուրդը տեսավ մոտեցող սպառնալիքները և առաջ անցավ կառավարություններից»,- եզրափակել է քաղաքական գործիչը։
Անցյալ շաբաթ օրը դանիական ծայրահեղ աջ «Դժվար գործարք» կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանը այրել է Ղուրանը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ՝ նախապես Շվեդիայի իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար:
Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել է ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի կողմից ստորագրված եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։
Բացի այդ, երկու շաբաթ առաջ արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցները Ստոկհոլմում ցույց են անցկացրել, որտեղ նրանք վիրավորական խոսքեր են բղավել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։
Ինչպես երկուշաբթի օրը ինքը՝ Թուրքիայի ղեկավարն է ասել, Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին:
Ռուսաստանը, ի թիվս այլ երկրների, դատապարտել է Ստոկհոլմում Ղուրանի այրումը։