Ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում տված 58-ամյա կինը հայտնել էր, որ անցած տարվա դեկտեմբերի 29-ի երեկոյան իր տնից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որը տանը մարդ չէր եղել, դուռն էլ բաց էր։ Հյուրասենյակից տարել էին 30 000 դրամ և պայուսակ, որի մեջ կային փաստաթղթեր, բանկային քարտեր ու 75 000 դրամ։
Տաշիրի քրեական հետախույզների օրեր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված 42-ամյա տղամարդը։ Նա դեպքի նախորդ օրվանից հետևել էր կնոջ շարժին։
Նկատելով, որ 58-ամյա կինն առանց տան մուտքի դուռը փակելու հեռացավ, մտել էր ներս ու գողություն արել։ 42-ամյա տաշիրցի տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։