Ադրբեջանը պահանջում է պատժել թենիսիստ Կարեն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համար

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան բողոք է ուղղել Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին, որն Ավստրալիայի բաց առաջնության հանդիպումներից հետո հրապարակավ աջակցություն էր հայտնել Բաքվի կողմից արդեն 40 օրից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակչությանը:

Խաչանովը չորրորդ տուրում հաղթանակ տանելուց հետո նկարահանող խմբի տեսախցիկներիից մեկի էկրանին գրություն էր թողել՝ նշելով.

«Շարունակիր հավատալ մինչև վերջ. Արցա՛խ, ամո՛ւր մնա»:

Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում էլ հաղթանակից հետո նա տեսախցիկի վրա գրել էր «Արցախ, դիմացի՛ր»։

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտել է տեղի ունեցածը և Խաչանովի գործողությունները համարել «անընդունելի սադրանք՝ ուղղված Ադրբեջանի դեմ», միաժամանակ ֆեդերացիան խնդրել է պատժել Խաչանովին և ավելի խիստ միջոցներ ձեռնարկել՝ որակազրկել նրան՝ հետագայում նման միջադեպերը կանխելու համար։

Խաչանովը 26 տարեկան է։ Նա Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի 20-րդ ռակետ, 2021 թվականի Դևիսի գավաթի սեփականատեր Ռուսաստանի հավաքականի կազմում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ