Ռուսաստանը շարունակում է կատարել եռակողմ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և տքնաջան ու բարդ աշխատանք է տանում թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ, ТАСС-ի փոխանցմամբ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Կրեմլը համերա՞շխ է ԱՄՆ պետքարտուղարի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված կոչին, որը վերաբերում է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելուն:
ՀիշեցնենքԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` կոչ անելով նրան անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համար: Այս մասին ասվում է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ:
Պետքարտուղարն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի ռիսկը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները: Պետքարտուղարը խրախուսել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ խաղաղության երկկողմ քննարկումներում: Նա նաև մտահոգություններ է հայտնել` կապված Ադրբեջանում մարդու իրավունքների հետ: