Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտից որոշ ընդդիմադիր լրատվականներով և «սունկ» կայքերով տարածվող տեղեկությունը, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դղյակներ է ձեռք բերել, չեն համապատասխանում իրականությանը։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանն էր հերքել տեղեկությունը։ Լուրի սկզբնաղբյուրը Ռոբերտ Քոչարյանի համակիր Մանուել Մանուկյանն էր, ով իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր երկու առանձնատան նկար և գրել, որ դրանք պատկանում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Մանուկյանը չէր նշել առանձնատներից որևէ հասցե, գտնվելու վայր։ Yandex և Google որոնողական գործիքներով հնարավոր եղավ պարզել, որ առանձնատներից մեկը գտնվում է Երևանի Հրանտ Շահինյանի անվան փողոցում։
Երկրորդի գտնվելու վայրը պարզել չհաջողվեց։
Սուրեն Պապիկյանի հայտարարագրից էլ հնարավոր է պարզել, որ վերջինիս և իր մտերիմների հայտարարագրերում նման առանձնատներ հայտարարագրված չեն։ Պապիկյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է 3 հողամաս Լոռիում՝ ընդհանուր 1,5 հա տարածքով, և մեկ բնակարան՝ Երևանի Ադոնց փողոցում։