Հետագայում որևէ շահարկումից խուսափելու, հանրության շրջանում կասկածի որևէ նշույլ թույլ չտալու լավագույն միջոցը անաչառ և ազնիվ աշխատանքն է։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով օրերս ողբերգական հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների դեպքին:
«Նկատի ունենալով, որ 15 զինվորների ողբերգական մահվան պատճառների վերաբերյալ հանրության շրջանում շրջանառվում են բազմաթիվ հավանական ու անհավանական վարկածներ, որպես ՀՀ քաղաքացի, բարեկամաբար հորդորում եմ ՀՀ դատախազությանը, Քննչական կոմիտեին և Պաշտպանության նախարարությանը սույն գործի վերաբերյալ իրենց իրավասությունների շրջանակներում և թույլատրելիության սահմաններում ցուցաբերել առավելագույն թափանցիկություն ու պրոֆեսիոնալիզմ, դրսևորել հետևողականություն՝ ողբերգության իրական հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծելու համար։
Հետագայում որևէ շահարկումից խուսափելու, հանրության շրջանում կասկածի որևէ նշույլ թույլ չտալու լավագույն միջոցը անաչառ և ազնիվ աշխատանքն է։
Եթե որևէ օղակի կողմից փորձ արվի ծածկադմփոց անել սույն գործի բացահայտման աշխատանքները, ինքս կհամարեմ, որ գործ ունենք մեր պետության հիմքերը խարխլելու կոնկրետ դրսևորման հետ։
Այս գործի նկատմամբ ինքս նույնպես դրսևորելու եմ հետևողականություն, մշտապես պահելու ենք մեր ուշադրության կենտրոնում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պատրաստ ենք մասնագիտական աջակցություն ցուցաբերել զոհված զինծառայողների ընտանիքներին։
Բացի այդ, ինձ համար այս ողբերգությունն իսկապես սթափության վերջին կաթիլն էր, որպեսզի յուրաքանչյուրս մեր տեղում անենք հնարավորը՝ բանակի մեջքը շտկելու համար․․․
Մեզ ուժեղ ու մարտունակ բանակ է անհրաժեշտ, որպեսզի ապրենք»,-գրել է Նորիկյանը: