Հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունում գործող «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հրապարակել էր հունվարի 19-ին Գեղարքունքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից կադրեր: Հրապարակված տեսանյութում հեռվից ցուցադրվում էր կացարանի հրդեհը, իսկ համացանցում հրապարակված տարբերակում լսվում են ճիչեր և աղաղակներ:
Հեռուստաընկերությունն այն հրապարակել էր «15 զինվորի զոհվելու պահը. բացառիկ կադրեր զինվորական կացարանի հրդեհից» վերտառությամբ:
Տեսանյութի հրապարակումից հետո հանրության որոշ հատվածը խիստ քննադատության էր ենթարկել հեռուստաալիքի քայլը, կար խիստ պահանջ հեռացնել տեսանյութը բոլոր հարթակներից։ Նաև սկսվել էր ֆլեշմոբ՝ կոչ անելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին նիստ հրավիրել և լիցենզիայից զրկել տվյալ հեռուստաընկերությանը:
Սակայն մինչև այսօր տեսանյութը շարունակում է մնալ հեռուստաընկերության կայքէջերում: Հեռուստաընկերությունից, արձագանքելով շարունակաբար հնչող քննադատություններին, հետևյալ պարզաբանումն են տարածել, թե՝ «եթերում հրդեհի կադրերը ցուցադրվել են համր՝ առանց բնական ձայնի զուգորդման»:
«Հարկ ենք համարում շեշտել, որ եթե անգամ քննարկվող կադրերը ձայնային ուղեկցությամբ հեռարձակվեին հեռուստաեթերով, դա լրագրողական էթիկայի խախտման հիմք չէր կարող լինել»,- ասվում է տարածված գրառման մեջ, որի մեկնաբանություններում քաղաքացիները շարունակել են ավելի կոշտ քննադատել հեռուստաընկերության արարքը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ՝ հեռուստաընկերության նման քայլը քաղաքական պատվեր էր. «5-րդ ալիք»-ը երբեք օբյեկտիվ իրականությունը չի լուսաբանել, այլ առաջնորդվել է քաղաքական նպատակահարմարությունով։
«Ալիքը իր քաղաքական վարքագիծն է շարունակում, ու երբեք չի եղել, որ նպաստեն որևէ խնդրի լուծմանը։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են եթերին մոտենում։ Այդ ալիքի հետ որևէ համագործակցություն ես բացառել եմ և մերժել։ Խնդիրը ոչ միայն այն է, որ որոշ դեպքերում պետք է քննադատես, այլ նաև, թե ինչ նպատակով ես դա կատարում։ Պարզ է, որ ալիքը կապակցված է Ռոբերտ Քոչարյանի հետ, և նրանց քաղաքական նպատակ է նման վարքագիծ ցուցաբերել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Իրավապաշտպանի խոսքով՝ հեռուստաընկերությունները որևէ բան ցուցադրելիս նախ պետք է ճիշտ տարբերակ ընտրեն, որպեսզի մարդկանց մոտ չառաջանա վախի, անապահովության զգացում, բայց այս ալիքի դեպքում ամեն ինչ հակառակն է։
Սաքունցը մեջբերում է այլ երկրում պատահած նմանատիպ դեպք, որը կատարած լրագրողը հետագայում ինքնասպան է եղել․ «Հայտնի ֆոտոլրագրող կար, նկարել էր աֆրիկացի սովամահ երեխային, որի կողքին անգղն էր։ Ինքը զուտ ականատեսի դիրքից այդ պահին որոշել էր ոչ թե օգնել, այլ նկարել տեսածը, հետո իր այդ գործողության պատճառով ընկավ բավական վատ վիճակի մեջ, ունեցավ հոգեբանական լուրջ խնդիրներ և վերջում ինքնասպան եղավ։ Այսինքն՝ օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու համար տարբեր հնարքներ կան, որը պետք է արվի՝ որոշակի էթիկայի նորմերը պահպանելով»։
Զրուցակիցը նկատում է՝ հատկապես ողբերգական պատահարների դեպքում ամեն տեղեկություն պետք է հաղորդվի էթիկայի նորմերի որոշակի պահպանմամբ։ Յուրաքանչյուր նման դեպք ցուցադրելու տարբերակները բազում են, պարզապես մնում է, որ հեռուստաընկերությունները դրանք ընտրեն։ «5-րդ ալիքի» դեպքում, սակայն, ըստ Սաքունցի, քաղաքական պատվեր կատարելն էր:
Անդրադառնալով քաղաքացիների այն հորդորներին, որով նրանք պահանջում են փակել ալիքը, որին անդրադարձել էր նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ նկատելով՝ նախնական տվյալների համաձայն՝ եթերում ցուցադրվել է հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ողբերգության բաց տեսարաններ, որոնք կարող են սոսկանք, սարսափ առաջացնել, ազդել անչափահասների ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, վարչական վարույթ բացելու հիմքեր դեռ չենք տեսնում, Սաքունցն ասում է՝ ինքն անձամբ դեմ է որևէ լրատվամիջոց փակելու գործընթացին, եթե այդ հեռուստաընկերությունը. «Չի քարոզում ակնհայտ բռնություն, ատելություն, խտրական վերաբերմունք, մոտեցում, ժողովրդավարական պետության արժեքներին դեմ է, չի քարոզում թշնամանք ու պատերազմ։ Եթե դրանք չկան, միայն կարգավորման որոշակի պատասխանատվության միջոցներ պետք է կիրառվեն․ տուգանք, վերաբերմունք, դիտողություն կամ այլ միջոց, որը կորոշվի հանձնաժողովը»:
Ըստ նրա՝ մի հրապարակմամբ պետք չէ նման քայլի գնալ. «Ամեն դեպքում, ալիքի յութուբյան էջը նույնականացված է հեռարձակվողի հետ, այստեղ օրենսդրական կարգավորման հետ կապված հարց կա»:
Զրուցակցի կարծիքով՝ լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը նույնպես կնպաստի, որ նմանատիպ խնդիրներ կա՛մ չլինեն, կա՛մ դրանք ինքնըստինքյան լուծում կստանան։