Բնակարաններ, թանկարժեք ժամացույցներ և արվեստի գործեր. ինչ է հայտարարագրել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել է 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Մինասյանը որպես անշարժ գույք համատեղ սեփականությամբ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք ունի, որը գտնվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում, ինչպես նաև՝ 3 բնակարան, որոնք էլ գտնվում են Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում և Ծաղկաձոր քաղաքում:

Որպես բաժնային սեփականություն նախարարը հայտարարագրել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, որը նույնպես գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում, բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարան, 1 հասարակական նշանակության շինություն և 2 ավտոտնակ, որոնք էլ գտնվում են Կենտրոն վարչական շրջանում: Կենտրոն վարչական շրջանում վերջինս ունի նաև 1 բնակարան, կրկին բազմաբնակելի շենքում, ինչպես նաև նույն վարչական շրջանում՝ ավտոտնակ և ավտոկայանատեղի՝ որպես միանձնյա սեփականություն:

Մինասյանը ունի նաև մեկ բնակարան Հունաստանի Կենտրոնական Մակեդոնիա Սալոնիկ քաղաքում:

Որպես տրանսպորտային միջոց նա հայտարարագրել է 2013 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի և 2016 թվականի «Քադիլակ» մակնիշի ավտոմեքենաներ:

Արժեթղթերի բաժնում նախարարը հայտարարագրել է 2012 թվականի գնված բաժնեմաս՝ 600 դրամ արժողությամբ: Որպես հանձնված փոխառություն էլ՝ «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունից՝ 5 մլն դրամ:

Մինասյանը որպես թանկարժեք գույք հայտարարագրել է 2 ձեռքի ժամացույց՝ 22 հազար դոլար և 16 հազար դոլար արժողություններով, 3 արվեստի գործ՝ 15 մլն դրամ, 12 հազար դոլար և 15 հազար դոլար արժողություններով: Ըստ հայտարարագրի՝ սրանք 2009 թվականին ստացված նվիրատվություններ են:

Վերջինս բանկային հաշիվներում ներկայացրել է 55 հազար 765 եվրո, 3 մլն 445 հազար դրամ, 3 հազար 880 դոլար, 1000 դոլար, 119 հազար 638 եվրո: Որպես կանխիկ միջոց՝ 20 հազար դոլար և 2 հազար եվրո:

Գրիգոր Մինասյանի «ԹԻ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից և «Մուրաթիդիս Չարալամբոս»-ից ստացել է 480 հազար դրամ և 1400 եվրո վարձատրություն:

Նրա մասնակցությունն առևտրային կազմակերպություններում հետևյալն է՝ «Էյ Էմ» իրավաբանական ընկերություն ՍՊԸ-ում՝ 60 տոկոս բաժնեմաս, «Փրոֆ Թաքս» ՍՊԸ-ում՝ 100 տոկոս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ