Եթե ԵՄ դիտորդների ներկայությունը կնպաստի միջանցքի բացմանը և չի վնասի ՀՀ-ի շահին, պետք է այդ քայլին էլ դիմել. Միսկարյան

Քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանի կարծիքով՝ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի վարած ներկայիս քաղաքականությունը վատ չէ և ոչ էլ դա է պատճառը ԼՂ ներքաղաքական խառնաշփոթի: Ըստ նրա՝ Արցախի քաղաքական կյանքը վարում է ոչ միայն Վարդանյանը:

«Արցախում բոլորն էլ ինչ-որ չափով իրենց գործողությունները կապում են նաև Ռուսաստանի հետ և վարում ՌԴ-ի կամքից կամ շահերից բխող քաղաքականություն, ինչն էլ շատ վատ է՝ իմ գնահատմամբ: Սրանում միայն Ռուբեն Վարդանյանի մեղավորությունը չէ. խնդիրը շատ ավելի խորքային արմատներ ունի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Վերջինսի դիտարկմամբ՝ ցավալի է, բայց փաստ՝ առկա խնդիրների համար պատրաստի դեղատոմս ու լուծում չկա: «Խնդիրն այն է, որ Արցախի հիմնախնդիրն ստեղծվել է Կովկասում Ռուսաստանի ազդեցությունն ապահովելու համար, ու դա մինչև հիմա շարունակում է ծառայել այդ նպատակին: Սա հավանաբար հնարավոր կլինի լուծել ինքնորոշման ճանապարհով»,- կարծում է նա:

Միսկարյանի խոսքով՝ դժվար է ասել՝ արդյոք Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերների ժամանակ պետական գաղտնիք հայտնե՞լ է, թե՞ ոչ, ինչպես պնդում են Արցախի նախկին պաշտոնյաները. «Ինձ առհասարակ քիչ է հետաքրքրում Ռուբեն Վարդանյանը: Իր ուղիղ եթերն էլ չեմ տեսել: Գնահատականներ այս մասով չեմ կարող տալ»:

Միսկարյանը, անդրադառնալով նաև Արցախի որոշ պաշտոնյաների պաշտոնանկ արվելու հանգամանքին, ասում է՝ Հայաստանի խնդիրներն այնքան շատ են, որ այդ հարցը մնում է արցախահայերի որոշման տիրույթում:

«Այս մասով պատասխանատվություն կրում են արցախցիները և խնդիրը վերցնում իրենց իրավասության տակ: Սույն պաշտոնյաների վարած քաղաքականությանը, գործերին ու ծրագրերին ծանոթ չեմ: Առհասարակ, դժվար է որևէ գնահատական տալ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, պաշտոնանկություններին ու նշանակումներին»,- ասում է նա:

Հարցին՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ, արդյոք կարիք չկա՞ ԵՄ դիտորդների տեղակայմանը միջանցքում՝ հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանն ասում է՝ միջանցքը փակ է, իսկ Ադրբեջանը հակառակն է պնդում, զրուցակիցն ասում է՝ պետք է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ խնդրի կարգավորման համար:

«Միջանցքի բացման համար կարևոր և խիստ անհրաժեշտ է հնարավոր բոլոր միջոցների կիրառումն ու միաժամանակ միջազգային հանրության արձագանքն ու ճնշումը: Կամ էլ դա պետք է լինի Ռուսաստանի բարի կամքից ելնելով: Պետք է հաշվի առնել այն կարևորագույն փաստը, որ դա չի կարող լինել Հայաստանի պետական շահի դեմ քայլերով: Եթե ԵՄ դիտորդների ներկայությունը կնպաստի միջանցքի բացմանն ու չի վնասի Հայաստանի պետական շահին, պետք է այդ քայլին էլ դիմել և այլ ելքեր ու լուծումներ ևս որոնել: Պետք է թե՛ Ռուսաստանի հետ բանակցել, թե՛ Ադրբեջանի, թե՛ ներգրավվել միջազգային հանրությանը: Հայաստանը պետք է անի այն, ինչն իր ուժերի սահմանում է»,- նշում է նա:

Խոսելով մամուլում շրջանառվող լուրերի մասին, ըստ որոնց՝ վերջերս ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախից մարդիկ են դուրս եկել՝ քաղաքական գործիչը նկատում է՝ Արցախի իշխանություններն ու քաղաքական վերնախավը տարբեր կապեր ունեն թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ Ադրբեջանի հետ:

«Նրանք կարողանում են միմյանց հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռքբերել: Հնարավոր է՝ դրանց դիմաց որոշակի գումար վճարելով, գուցե հեղինակությունն օգտագործելով, դժվար է ասել ու հստակ գնահատականներ տալ: Բացի դա՝ մենք չգիտենք՝ անգամ Արցախը լքած ընտանիքի պատճառաբանությունը որքանով էր ճիշտ ու որքանով էր հնարավոր կամ անհնարին առանց կոռուպցիոն ռիսկի կամ ռուսների միջնորդությամբ դուրս գալ Արցախից»,- ասում է նա:

Զրուցակիցը խիստ բացասական է գնահատում ռուս խաղաղապահների ներկայիս գործունեությունը. «Հույս չկա, որ նրանց աշխատելաոճը կփոխվի դեպի դրականը: Իրավիճակն էլ այլ ընթացք կունենա, եթե ռուս խաղաղապահներին փոխարինեն միջազգային խաղաղապահներով: Այս ամենի իրատեսական լինելն էլ կախված է բանակցություններ վարողներից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ