«ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն աշխատում է, որ Ադրբեջանի վրա ճնշումն ավելանա». Ռուբինյան

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները ամեն ինչ անում են, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով քննարկման ժամանակ խոսի ոչ միայն հայկական պատվիրակությունը, այլ նաև այլ պատվիրակություններ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլորը բարձրաձայնեն Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հարցը, դրա հետևանքները ու կոչ անեն Ադրբեջանին անմիջապես ապաշրջափակել Լաչինի միջանցքը»,– ասաց Ռուբինյանը։

«Չնայած ադրբեջանական պատվիրակության անդամները դեմ արտահայտվեցին այս քննարկմանը, բայց քվեարկություն եղավ, և գերակշռող մեծամասնությունը որոշեց, որ այս քննարկումը լինելու է»,– ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակը։

Նրա խոսքով` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը իրեն հասու բոլոր գործիքներով աշխատում է, որ այս հարցն էլ ավելի միջազգայնացվի ու Ադրբեջանի վրա ճնշումն ավելանա։

Ռուբինյանը նշեց նաև, որ այս հարցում ընդդիմադիր պատգամավորների հետ իշխանությունը ունի ընդհանուր մոտեցում։

Հիշեցնենք` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) որոշել է Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների հարցը քննարկել այս նստաշրջանի օրակարգում։ Քննարկումը տեղի կունենա հունվարի 26-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ