Հայաստանի խորհրդարանը ողջունում է ԵՄ-ի որոշումը՝ Հայաստանում քաղաքացիական լիարժեք դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ․ թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք հավատում ենք, որ առաքելությունը մեծապես կնպաստի տարածաշրջանում անվտանգությանը, երկարաժամկետ խաղաղությանը և վստահության ամրապնդմանը»,- գրել է Սիմոնյանը։
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծման հարցում՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակում: Առաքելության նպատակն է՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ԵՄ-ի կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը։
«Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է սկսում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել ապաէսկալացիայի ջանքերին և պարտավորվել է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։