Ազատ գյուղում տեղակայված զորամասի ժամանակավոր կացարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպի «ահասարսուռ մանրամասները» լրատվական հոսքերի «առաջին հորիզոնականներում» են։ «Ձյան վրա արյան հետքեր են, մոխրացած գույք, որ դեռ ծխում է, ջարդոնի վերածված երկաթե մահճակալներ, որոնց վրա ողջ-ողջ այրվել են, շնչահեղձ են եղել հայկական բանակի 15 զինվորները՝ 21-րդ դարում։ Զորամասի կացարանը կարծես ռմբահարված այս շինությունն է…»։ Սա «5-րդ ալիք»-ի «Հայլուր» լրատվական ծրագրի եթերում դեպքից հետո հեռարձակված ռեպորտաժներից մեկի նախաբանն է։ Թե ի՞նչ նյարդահոգեբանական ազդեցություն կարող էր ունենալ ողբերգության նման նատուրալիստական նկարագրությունը հեռուստադիտողի վրա, որոնց թվում են նաև զոհերի հարազատներն ու ընկերները, լրատվական ծառայության պատասխանատուներին թերևս չի հետաքրքրել։ Նրանց խնդիրն ակնհայտորեն նման «մանրամասների» միջոցով հեռուստալսարանի մոտ խիստ կոնկրետ՝ բացասական էմոցիաներ հարուցելն էր, ցանկալի է՝ ցասում, ատելություն, և լսարանին որոշակի գործողությունների մղելը՝ օր առաջ ազատվել բանակում տիրող այսպիսի «բառդակ»-ի հիմնական մեղավորներից ու պատասխանատուներից։ Հատկապես, որ հիշյալ նախաբանով ռեպորտաժի «աստղը»՝ հրդեհից ժամեր անցած ԶԼՄ-ներին «սենսացիոն ինտերվյու» տված դասակի հրամանատարը, իրենց սրտով բաներ էր ասում՝ «հաստատելով» բանակում տիրող «բառդակի» մասին թեզը։
«Հայլուր»-ը «Հայլուր» չէր լինի, եթե ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հավատարիմ չմնար իր անվանն ու աշխատաոճին՝ հեռուստադիտողին մատուցել մնացած բոլոր լրատվականների մատուցածից տարբերվող, «մրցակցային», «բացառիկ մանրամասներ», ինչն էլ տեղի ունեցավ։ Արդեն հայտնի է, որ սույն հաղորդման հիմնական և ամփոփիչ թողարկումների ժամանակ օգտագործվել են հրդեհի տեսարանի «համր» կադրեր։ Դրանք՝ զուգահեռ լսվող մարդկային ճիչ-աղաղակներով և ահա այսպիսի «գերմարդասիրական» վերնագրով՝ «15 զինվորի զոհվելու պահը. բացառիկ կադրեր», թողարկվել էին հիշյալ հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում և յութուբյան ալիքով, ինչը զայրույթի, բողոքի ալիք բարձրացրեց սոցցանցերում։ Ֆեյսբուքյան ֆլեշմոբին միացած օգտատերերը, նշելով ՀՌԱՀ-ին, պահանջեցին եթերազրկել «հինգերորդ շարասյան վերածված» 5-րդ ալիքը, «փակել մեդիաախոռը», «լռեցնել մեդիավիժվածքներին»։
Ի դեպ, տեսագրությանը կից «5-րդ ալիքը» հետևյալ պարզաբանումն էր զետեղել. «Հարգելի հետևորդներ, տեսանյութը նկարահանել է գյուղի անչափահաս բնակիչներից մեկը, նրա ավագ եղբայրը եղել է օգնության հասած տղամարդկանց շարքում: Տեսանյութը տրամադրած քաղաքացին հեղինակի ավագ եղբայրն է, նա վստահեցնում է, որ տեսանյությում լսվող ձայները ոչ թե կացարանում գտնվող տղաների ձայներն են, այլ օգնության հասած գյուղացիների խուճապահար բղավոցները»:
Այս պարզաբանումը չի ցրում տեսագրության թողած բացասական ներգործությունը այն դիտած անձանց հոգեբանության վրա, քանի որ տեսագրության հեղինակը չի կարող վստահ պնդել, թե ստույգ ում ձայներն են լսվում՝ միայն օգնության հասած գյուղացիների՞, թե՞ նաև կրակի ճիրաններում հայտնվածների։ Եվ երկրորդ՝ կադրերն ու դրանց ուղեկցող ձայները, միևնույն է, մարդկային ցավ, հոգեկան տառապանք են արտահայտում, որոնց մասսայական հրապարակումը կոնկրետ ԶԼՄ-ի հետ ասոցացվող, զանգվածային սպառում ունեցող համացանցային որևէ հարթակով, մեղմ ասած, խնդրահարույց է։
Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը թվարկված կադրերի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում այս կապակցությամբ մասնավորապես գրել էր. «Դուք հայրենիք, կարմիր գծեր ու սրբություն չունեք… Դուք թքած ունեք նահատակված տղերքի ընտանիքի անդամների զգացմունքների ու հոգեկան տառապանքի վրա, որոնք կարող են դիտել ու խելագարվել։ Դուք թքած ունեք նրանց ընտանիքի մանկահասակ անդամների վրա, որոնք դա կարող են դիտել տարիներ անց համացանցից»։ Սաֆարյանը հավելել էր նաև. «Հասարակությունը պետք է համախմբված բողոքարկի ու համացանցից վերացնի այդ անմարդկային տեսանյութը»։
ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, արձագանքելով ֆեյսբուքյան ֆլեշմոբին և իր ղեկավարած կառույցին ուղղված պահանջին, հանդես եկավ պարզաբանմամբ՝ մասնավորապես նշելով. «Եթերում ցուցադրվել է հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ողբերգության բաց տեսարաններ, որոնք կարող են սոսկանք, սարսափ առաջացնել, ազդել անչափահասների ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Վարչական վարույթ բացելու հիմքեր դեռ չենք տեսնում: Օրենքով YouTube-յան հեռարձակումը ՀՌՀ կարգավորումից դուրս է, այս տիրույթում գործառույթ չունենք: Ավելի մանրամասն այս խնդիրը կքննարկվի երկուշաբթի օրը (այսօր-խմբ.): Նաև կարծում եմ, որ ճիշտ կլիներ հենց «5-րդ ալիք»-ն իր պարզաբանումները ներկայացներ, ներողություն հայցեր հանրությունից»:
Ներողություն հայցելու փոխարեն, սակայն, «5-րդ ալիքը» ահա այսպիսի պարզաբանում տարածեց՝ չհամաձայնելով լրագրողական էթիկան խախտելու վերաբերյալ իրեն ուղղված քննադատության հետ. «Սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր այս հրապարակումը դարձրել են քննարկման թեմա: Մեկնաբանությունների հեղինակների մի մասը, խիստ ազդված տեսածից ու լսածից, սրտաշարժ գրառումներ է արել, մի մասն էլ՝ իշխանության քարոզչական բրիգադից, ազգային ողբերգության այս ծանր պահին առիթն օգտագործել է «5-րդ ալիքի» դեմ մանիպուլյացիոն նոր գրոհ սադրելու և հանրային բանավեճի թիրախը փոխելու համար: Հարկ ենք համարում շեշտել, որ եթե անգամ քննարկվող կադրերը ձայնային ուղեկցությամբ հեռարձակվեին հեռուստաեթերով, դա լրագրողական էթիկայի խախտման հիմք չէր կարող լինել»:
Հարկ է նկատել, որ ֆեյսբուքյան տիրույթում «5-րդ ալիքի»-ի թողարկման դեմ բողոքողներից զատ հանդես եկան նաև այն պաշտպանողներ։ Մասնավորապես, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի եղբորորդի, «ֆեյսբուքյան ասլան» Հովհաննես Իշխանյանը մասնավորապես գրեց. «5-րդ ալիք, ինչ արել եք, ճիշտ եք արել»: «5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն էլ Իշխանյանի գրառման տակ այսպես է հայտնել իր «ներողությունը» հեռուստալսարանից. «ոչինչ էլ չենք արել, մերոնք չափի զգացողությունը լավ գիտեն: Իսկ էն սորոսի թոռնիկը ինչ ուզում է՝ թող գրի, իր գրածը իմ համար՝ թքած ունենամ: Ինքը ո՞վ դառավ, որ իրեն հաշվի առնեմ ու անդրադառնամ: Խոստանում եմ, երբ իրեն վառեն կամ ինքը վառվի, անպայման ցույց կտանք… էլի չափավոր, որպես լուր»։
Ահա այսպիսի «վայելչախոս», «կուլտուրական» տիպ է Հարություն Հարությունյանը, որը, ինչպես պարզեցինք նրա կենսագրական տեղեկանքից, «սովետի օրոք» եղել է Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնի ուսուցիչ, Երևանի կայազորի սպայի տան կուլտմասսայական բաժնի հրահանգիչ։
Ի դեպ, նրա սույն մեկնաբանությունը, որի «սքրինշոթն» ակտիվորեն տարածվում է համացանցում, հավանել է 28 օգտատեր, որոնց թվում են նաև «Հրապարակ» օրաթերթի ՀՅԴ-ական թղթակից, բռնության կոչերի գծով «բազմակի չեմպիոն» Էդիկ Անդրեասյանը և մեկ այլ «վայելչախոս», բայց, բարեբախտավար, նախկին պաշտոնյա՝ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի տեղակալ Սերժ Սրապիոնյանը։
Վերադառնալով Հարությունյանի կենսագրությանը՝ նշենք, որ վերջինս իր լրագրողական կարիերայի ընթացքում՝ 2004-2010 թթ., հասցրել է լինել նույնանուն՝ այն ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ թողարկվող «Հայլուր» լրատվական ծառայության տնօրենը։ Այսինքն՝ եղել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, նրանից հետո էլ՝ Սերժ Սարգսյանի քարոզչական «սպասյակների» թիմի անդամ, որը մի այլ կարգի բարձր մակարդակի էր հասցրել իշխանական պրոպագանդան՝ գեբելսյան ոճի ամենավիրտուոզ կատարմամբ։ Մի տխրահռչակ հաղորդում, որն ասոցացվում է իրականության կեղծման, հանրային միջոցներով հանրությանը հիմարացնելու, ծաղրելու՝ իրեն շրջապատող իրականությունը խեղաթյուրված, գլխիվայր շրջված ներկայացնելու հետ։ Թևավոր խոսք կար, որը գործածվում էր «Հայլուրի» հետ ասոցացվող նախկին իշխանության օրոք. «Գոյություն ունի իրականություն և՝ հայլուրային իրականություն»։ Երկրորդ իրականությունը մատուցելու համար Քոչարյանն ու Սարգսյանը պարտական են Հարությունյանի պես լրատվական սպասարկուների հունարին և նվիրումին։ Բավական է միայն վերհիշել, թե ինչպես էր սույն հաղորդման շրջանակներում լուսաբանվում Քոչարյանի պաշտոնավարման մայրամուտին տեղի ունեցած մեկ այլ ողբերգություն՝ մասնավորապես «Մարտի 1»-ը, ցինիզմի ու խեղաթյուրման ինչպիսի դոզայով…
Ի դեպ, «լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար» Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Հարությունյանը Սերժ Սարգսյանի կողմից 2018-ին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:
Հ.Գ. ՀՌԱՀ նախկին անդամ Հարությունյանը ժամանակին (երբ Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալն էր) անցնում էր «Հոկտեմբերի 27»-ի գործով՝ որպես կազմակերպիչներին օժանդակողներից մեկը։ Նրա մեղադրանքը չհաստատվեց, սակայն ոճրագործության բացահայտման ուրվականը ակնհայտորեն հանգիստ չի տալիս Հարությունյանին և նրա նախկին ու ներկա մեկենասներին։ Երբ 2019-ին լուրեր էին շրջանառվում Նաիրի Հունանյանին բաց թողնելու մասին, Հարությունյանը Ֆեյսբուքում գրել էր. «Ասում են՝ էս գործի քավորը կրկին ՀՀՇ-ամերձ շրջանակից է (անուն-ազգանունը դեռևս չեմ գրում, բարոյականության հարց է, իսկ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը, ոնց կուզեք ասեք, ինձ անբարոյական չի դարձրել): Հաշվի առնելով ինչ սորտի (տեսակի) մարդկանց հետ գործ ունենք, նաև նկատի ունենալով անցած տարիների ուղղորդված շահարկումները, կարող եմ ասել, որ գործարքի գնալու են կամ արդեն գնացել են: Արդեն ակնհայտ է դառնում, որ 1999 թ. Հոկտեմբերի 27-ը 2008թ. մարտի 1-ի նախավարժանքն էր»:
Կայքերից մեկը անդրադարձել էր Հարությունյանի ստատուսին և նրան դիպուկ բնորոշում տվել. «5-րդ ալիքի խմբագրի հետ համաձայն ենք՝ հեղափոխությունը նրան անբարոյական չի դարձրել: Կուսությունից երկու անգամ չեն զրկվում, այն էլ՝ 20 տարի հետո: Նիկոլ Փաշինյանը չէր կարող խլել նրանից այն, ինչ նա հաճույքով 20 տարի առաջ նվիրել էր Ռոբերտ Քոչարյանին»: