«Նախկին համակարգը կոռումպացված էր, իսկ այսօրվանը կոռումպացված չէ, բայց դժվարություններն ավելի շատ են». Խաչատուր Սուքիասյան

Ներդրումների հետ կապված դեռևս ամեն ինչ հարթ չէ մեր երկրում: ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք կառավարության հաստատմանն ենք ներկայացրել ներդրումային քաղաքականության ռազմավարությունը և փորձում ենք էապես հեշտացնել խոշոր ներդրումային ծրագրերի ընթացքը կառավարության ներսում: Մենք այսօր տեսնում ենք, որ բյուրոկրատիան դեռևս շատ-շատ է և խոշոր ներդրումային ծրագրերը, որոնք այդքան էլ քիչ չեն, բավականին շատ են, դժվարությամբ են անցնում բյուրոկրատիայի միջով»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ պետք է գնահատական տրվի, թե բյուրոկրատիան որքան դժվարություն է ստեղծել, և ինչքան ներդրում չի կատարվել:

«Մենք երկու տարի է ինչ ասում ենք, որ դժվարություն կա, նախկին կառավարման և այսօրվա կառավարման դեպքում, նախկինը կոռումպացված կառավարում էր, ինչ-որ ձևով համակարգ էր դարձել, այսօր կոռումպացված չէ, դժվարություններն ավելի շատ են, քանի որ կոռումպացված չէ»,-ասաց նա:

Խաչատուր Սուքիասյանը նկատեց, որ տնտեսվարող սուբյեկտները, որոնք դիմում են նամակներով, և երբ տարբեր գերատեսչություններից նամակի պատասխան են ստանում, մի քանի իրավաբաններով, տնտեսվարողներով հավաքվում են և այդպես էլ բովանդակությունը չեն հասկանում՝ ինչ է գրված: Նա նաև նշեց, որ պատասխանների ժամկետներն ուշանում են:

Վահան Քերոբյանն արձագանքելով ասաց, որ աշխատում են, որպեսզի իրենց մոտից անիմաստ թղթերի քանակը, որքան հնարավոր է, քիչ լինի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ