«Ուզում եմ ցավակցել հարազատներին, ծնողներին, դա աննկարագրելի բան է, որևիցե մեկս չենք կարող հասկանալ և զգալ այն, ինչն իրենք են զգում, շատ ցավալի ողբերգություն է: Իմ ունեցած տեղեկությունները շատ չեն տարբերվում հայտնի տվյալներից, գիշերը քնած են եղել, իրենցից մեկը որոշել է, որ պետք է կրակն ավելի ուժեղացնի և 5 լիտրանոց տարայով լցրել է բենզինը, որից հետո բռնկվել է հենց ինքը և այդ իրավիճակում շպրտել է տարան և ամբողջ սենյակն այրվել է»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանում բռնկված 15 զինվորի կյանք խլած հրդեհին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք դա պատմել են նաև այրվածքներ ստացած զինվորները, Սիմոնյանն ասաց. «Դե նաև այրվածքներ ստացած զինվորներն էին ասում, չեմ ուզում շատ բաներ պատմել, որովհետև զուտ անձնական զրույց է եղել, թող նախաքննությունը գնա, վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր մեղավորները նաև քրեաիրավական պատասխանատվություն կկրեն և ոչ միայն»:
Թե արդյոք պետք է ՊՆ Սուրեն Պապիկյանը հրաժարական տա, ԱԺ նախագահը նշեց. «Պաշտպանության նախարարը որևիցե ձևով այս ամենի հետ չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքն ամբողջովին արել է և այդ քաղաքական սակարկումները շատ սին եմ համարում և անտեղի: Պարոն Պապիկյանն իրականացնում է բարեփոխումներ նաև իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ պատերազմից հետո»: