ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հունվարի 23-ին նախատեսված հանդիպմանը մտադիր են հաստատել ԵՄ նոր առաքելությունը Հայաստանի համար, լրագրողներին հայտնել է Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան: Օրեր առաջ տարածված տեղեկատվության համաձայն՝ ԵՄ դիտորդական առաքելությունն Հայաստան է գալու երկու տարի ժամկետով: Zarkerak.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը հույս հայտնեց, որ առաքելությունը կհաստատվի և դիտորդները կժամանեն Հայաստան. «Որքան ինձ հայտնի է Ադրբեջանն ակտիվ փորձում է խոչընդոտել այդ գործընթացներին՝ լավ հասկանալով, որ նրանք առաջին հերթին ուղղված են իր ագրեսիվ քաղաքականության դեմ: Որպեսզի մենք հասկանանք՝ ինչու են եվրոպացիները դիտորդական առաքելություն ուղարկում Հայաստան, կարևոր է ըստ իս վերլուծել ընդհանուր կոնտեքստը: Կատարվում է հետևյալը՝ Հայաստանը շատ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, դուրս է գալիս չգործող անվտանգային ճարտարապետությունից, որի հետևում կանգնած է Ռուսաստանը և որը չի կարողանում այդ ճարտարապետության գործարկումն ապահովել:
Ռուսաստանն ինքն իր ձեռքով արեց ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում այս ճարտարապետությունը չգործի: Այս պայմաններում մեր ղեկավարությունը փորձում է գտնել այլընտրանք, դա առաջին հերթին փնտրվում է ԱՄՆ-ում, երկրորդ հերթին՝ Եվրամիությունում: Կարծում եմ, որ Եվրամիության այս գործողությունները հենց այս այլընտրանքի որոշակի բաղկացուցիչն են, ըստ իս՝ այս ամենը միանշանակ համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ»:
Արդյոք հնարավոր է սպասել, որ ԵՄ-ն առաքելություն կուղարկի նաև Արցախ, քաղաքագետն ասաց. «Արևմուտքը ցանկացած իր գործողություններում առաջին հերթին ելնում է միջազգային իրավունքից: Միջազգային իրավունքով տեղակայել որևէ մոնիթորինգային առաքելություն Լաչինում կամ Արցախում անհնար է՝ առանց Ադրբեջանի համաձայնության: Եթե Հայաստանի դեպքում դա ռեալ սցենար է, ապա այնտեղ դա հնարավոր չէ անել: Դա անելու միակ ճանապարհն այն է, որ Ադրբեջանը ճանաչվի որպես ագրեսոր պետություն և նրա նկատմամբ կիրառվեն միջազգային սանկցիաներ: Կարծես թե այսօր այդ իրավիճակը դեռ չունենք: Ես հույս ունեմ, որ Եվրամիության կողմից կլինի քաղաքական երկխոսություն Ադրբեջանի ղեկավարության հետ և, վերջիվերջո, այս իրավիճակն ինչ-որ ժամանակավոր կարգավորում կստանա»:
Ամիսներ առաջ Եվրամիությունը կրկին դիտորդական առաքելություն էր ուղարկել Հայաստան՝ երկու ամիս ժամկետով, Դավիթ Ստեփանյանի կարծիքով նախորդ մոնիթորինգային առաքելությունը շատ էֆեկտիվ էր այն առումով, որ տվյալ ժամանակահատվածում մարդ չսպանվեց. «Այո, հակառակորդը կրակել է, բայց կարևորը, որ մարդ չի սպանվել: Այս առումով մոնիթորինգային առաքելությունը միանշանակ իր թիվ մեկ նպատակին հասել է, և ես մեծ հույս ունեմ, որ այս առաքելությունը ևս կհաստատվի և մենք կունենանք իրավիճակ, երբ մեր հայրենակիցները չեն զոհվի: Դա հիմք է լինելու մեր ղեկավարության համար Ադրբեջանի հետ բանակցություններում տանել ավելի անկախ քաղաքականություն: Ըստ իս՝ այս նոր դիտորդական առաքելությունը լինելու է ավելի էֆեկտիվ: Այս առաքելությունը կզսպի Ադրբեջանին, այն մեծ հաշվով առաջին հերթին սիմվոլիկ նշանակություն ունի, դա նշանակում է, որ Արևմուտքը գալիս է մեզ օգնության, նա կիսում է մեր մտահոգությունը և հասկանում է այն վտանգները, որի առջև կանգնած է հայոց պետականությունը»: