ՆԱՏՕ առաջարկը Հայաստանին. Միրզոյան-Ստոլտենբերգ հանդիպմանն ընդառաջ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 23-ին Բրյուսելի ՆԱՏՕ կենտրոնակայանում կհանդիպի դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այդ մասին հայտնում է ՆԱՏՕ տեղեկատվական ծառայությունը: Մինչ այդ, անցնող օրերին ռեգիոնալ այցով Երևան և Բաքու էր ժամանել ՆԱՏՕ ԳՔ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Այդ մասին ՆԱՏՕ հաղորդագրության մեջ ուշագրավ է այն, որ Կոլոմինան Երևանում ընդունելության է արժանացել ընդհուպ վարչապետի մակարդակով, իսկ ահա Ադրբեջանում նրա ունեցած հանդիպումների ամենաբարձր մակարդակը՝ համենայն դեպս ըստ ՆԱՏՕ տեղեկատվության, արտգործնախարար Բայրամովն է: Ինչու՞ չի եղել Կոլոմինայի հանդիպումը Ալիևի հետ:

ՆԱՏՕ-ն չի ունեցել նրան փոխանցելու որևէ բա՞ն, թե՞ Ալլիևը չի հանդիպել ՆԱՏՕ ԳՔ հատուկ ներկայացուցչին, համարելով, որ դա այլևս իր «ռանգը» չէ, իր համար դա «ցածր» աստիճան է: Այդ հարցի պատասխանը կարող է որոշակիորեն կապակցված լինել հունվարի 23-ին Բրյուսելում սպասվող Միրզոյան-Ստոլտենբերգ հանդիպման հետ: Համենայդեպս հետաքրքրական է, որ Կոլոմինան Բաքվում չի արժանանում բարձր մակարդակի ընդունելության, իսկ նրա ռեգիոնալ այցից հետո Բրյուսելում տեղի է ունենում Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ՆԱՏՕ բարձր մակարդակի պաշտոնյայի՝ գլխավոր քարտուղարի հետ:

Իսկ լինելու՞ է Ստոլտենբերգի հանդիպում Բայրամովի հետ, թե՞ ՆԱՏՕ գլխավոր պաշտոնյան առաջարկ ունի Երևանին և դրա արձագանքից է կախված՝ կլինի՞ հանդիպում նաև Բայրամովի հետ, թե՞ ոչ: Ավելին, հնարավոր է, որ Կոլոմինայի ռեգիոնալ այցը պայմանավորված է եղել հենց այդ հանգամանքով և ըստ էության Ադրբեջանում բարձր մակարդակի հանդիպման բացակայությունը պայմանավորվածծ է նրանով, որ չի եղել ՆԱՏՕ մոտեցումը կամ առաջարկը Ադրբեջանի հետ առանձնապես համաձայնեցնելու կարիք և դրա անհրաժեշտությունը եղել է Երևանում, ինչի շարունակությունն էլ գուցե արդեն արտգործնախարարի մակարդակով այցն է Բրյուսել և հանդիպումը Յենս Ստոլտենբերգի հետ:

Կարևորն այն է իհարկե, թե ինչ առաջարկի մասին է խոսքը և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը դաշինքի անդամ ո՞ր պետությունների անունից կամ ո՞ր պետությունների հետ փոխհամաձայնեցված է ներկայացնում այն: Մտածել, թե բոլորի, կլինի թերևս միամտություն: Կասկածից վեր է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում անգամ Ուկրաինայի պատերազմի հարցում չկա միատարություն, և ավելորդ է խոսել այլ ուղղություններով քաղաքականության մասին: Հետևաբար կարևոր է այն, թե հատկապես ու՞մ քաղաքականությունն է ՆԱՏՕ գործիքակազմով փորձում առաջ տանել Յենս Ստոլտենբերգը, և ինչպես է օրինակ դրան վերաբերում Ֆրանսիան՝ Հայաստանի հանդեպ իր վերաբերմունքով, և օրինակ ՆԱՏՕ մեկ այլ անդամ Թուրքիան՝ Ադրբեջանի հետ իր ռազմական դաշնակցությամբ և Ֆրանսիայի հետ էքզիստենցիալ դիմակայությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ