Բնակարաններ, տներ, հողամասեր, միլիոնավոր դոլարների բաժնեմասեր և եկամուտներ. Արցախի պետնախարարի պատկառելի ունեցվածքը

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։

Ըստ Արցախի Պետական եկամուտների կոմիտեի կայքում զետեղված՝ «հրապարակման ենթակա տեղեկանքի»՝ հայտնի գործարարը հայտարարագրել է պատկառելի ունեցվածք։

Մասնավորապես՝ որպես անշարժ գույք՝ 5 բնակարան, 1 բնակարան (եւ շենքի տակ գտնվող հողամասի, ընդհանուր օգտագործման տարածքների բաժնային սեփականություն), 1 բնակարան (համատեղ սեփականություն), 3 բնակելի տուն, 1 բնակելի շինություն, 1 տնտեսական շինություն կամ կառույց, 3 ավտոտնակ, 1 ավտոկայանատեղի, 2 ավտոհանգրվան (համատեղ սեփականություն), 1 ամառային խոհանոց, 1 ծածկ, 1 պահակատուն, 1 գեներատորանոց, 7 հողամաս։ Նշենք, որ բաց տվյալներ չկան, թե որտեղ են գտնվում Արցախի պետնախարարի անշարժ գույքերը:

Որպես շարժական գույք Արցախի պետնախարարը հայտարարագրել է AUDI Q7 ունիվերսալ մարդատար ավտոմեքենա։

Որպես արժեթղթի կամ ներդրման տեսակ՝ Վարդանյանը հայտարարագրել է 3 բաժնեմաս։ Մասնավորապես բաժնեմասերից մեկի արժեքն է 4 մլրդ 2011 մլն 905 հազար ռուսական ռուբլի։ Մյուս բաժնեմասը դարձյալ ռուբլով է՝ 30 մլն 250 հազար 750։ Երրորդ բաժնեմասն էլ ԱՄՆ դոլարով է՝ 330 մլն։

Որպես եկամուտ՝ Վարդանյանը հայտարարագրել է 21 մլն 761 հազար 149 ՀՀ դրամ, 4 մլրդ 303 մլն 366 հազար 412 ռուսական ռուբլի, 17 մլն 48 հազար 387 եվրո, 0,23 շվեյցարական ֆրանկ, 32 մլն 867 հազար 192 ԱՄՆ դոլար, 3 մլն 519 հազար 720 Ֆունտ ստերլինգ, 0,33 սինգապուրյան դոլար։ Այդ թվում՝ որպես աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ՝ 21 մլն 761 հազար 149 ՀՀ դրամ, 10 հազար եվրո եւ 20 մլն 51 հազար 951 ռուսական ռուբլի։

Հիշեցնենք, որ Ռ․ Վարդանյանը պաշտոնն ստանձնել է 2022 թ․ նոյեմբերի 4-ին։ Ըստ Forbes֊ի՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում գրանցված բիզնեսմեն, «Տրոյկա դիալոգ» ներդրումային կազմակերպության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի ունեցվածքի եւ գործունեության շուրջ սկանդալային պատմություններն անպակաս չեն եղել։

Մասնավորապես 2019 թվականի մարտին հայտնի դարձավ, որ «Տրոյկա դիալոգ»-ի միջոցով շուրջ 9 մլրդ դոլար փողերի լվացում է իրականացվել։ Այս մասին ասվում էր Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի հետաքննությունների միջազգային նախագծի (OCCRP) հայտարարության մեջ։ Հետաքննությունը ընթերցողին հասանելի էր նաեւ «Հետք» էլեկտրոնային պարբերականում։

Հետաքննության մեջ մասնավորապես նշվում էր, որ ««Տրոյկա դիալոգի» ստեղծած ֆինանսական հաշիվներ են ուղղվել Ռուսաստանում բացահայտված մի քանի հանցավոր դեպքերի գումարներ, այդ թվում՝ «Շերեմետեւո» օդանավակայանի վառելիքի խարդախության դեպքը եւ Մագնիտսկու գործը։ Ըստ այդմ՝ մասնավորապես Սերգեյ Մագնիտսկու կողմից բացահայտված հարկային խարդախության մեջ ընդգրկված ընկերություններից 120 միլիոն դոլարից ավելի գումար է փոխանցվել «Տրոյկա լվացքատուն»։ «Տրոյկա լվացքատան» առանցքային ընկերություններից փոխանցումներ են եղել տարբեր անհատների եւ կազմակերպությունների՝ հայաստանյան «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի, «Յունիբանկ» ԲԲԸ-ի հաշվեհամարներին: Փոխանցումներ կան «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին եւ նրա սեփականատեր հանդիսացած օֆշորային Rhinoville Property Limited-ի տնօրեն Էրիկ Ներսիսյանին (Eric Narsisyan), ինչպես նաեւ միջազգային տնտեսական խորհրդատվական ծառայություններ մատուցող Natan Associates Inc-ի հաշվեհամարին:

OCCRP-ին տված հարցազրույցում Ռուբեն Վարդանյանն ասել էր, որ ինքը տեղյակ չի եղել վերոնշյալ փոխանցումներից։ «Հասկացեք, ես հրեշտակ չեմ։ Ռուսաստանում դու երեք ուղի ունես․ լինել հեղափոխական, լքել երկիրը կամ լինել կոմֆորմիստ։ Այսպիսով՝ ես կոմֆորմիստ եմ։ Բայց ես իմ ներքին զսպվածությունն ունեմ․ երբեք չեմ մասնակցել հարկային աճուրդների, երբեք չեմ աշխատել հանցագործների հետ, չեմ եղել այս կամ այն քաղաքական կուսակցության անդամ»,- պարզաբանել էր գործարարը։

Արձագանքելով աշխարհի մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված սկանդալային հոդվածներին՝ Վարդանյանը նշել էր, թե՝ «հրապարակված նյութերում ամեն ինչ իրար է խառնված՝ կոնտեքստից կտրված տեղեկատվություն, մեկնաբանություններ ու հորինվածք»։

Նշենք, որ մինչեւ պետնախարարի պաշտոնը ստանձնելը Ռ․ Վարդանյանը հարցազրույց էր տվել նույն՝ ռուսական Forbes-ին եւ պատմել, թե ինչու է որոշել բնակության համար տեղափոխվել Արցախ։ (Հարցազրույցը հրապարակվել է 2022 թ․ սեպտեմբերի 5-ին)։ Վարդանյանը, հիշեցնենք, հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից։

Մասնավորապես հարցին՝ Ռուսաստանում ձեր ունեցվածքը փոխանցելու եք ընտանեկան հիմնադրամին, ո՞վ է կառավարելու այն, Վարդանյանը պատասխանել էր․ «Իմ ակտիվները տնօրինում է ընտանիքի գրասենյակը։ Հասկացեք, ես քաղաքացիություն չեմ փոխում, քանի որ շատ բաներ չեմ կարողանա անել։ Բայց կարող է իրավիճակ ստեղծվել, երբ ես ստիպված լինեմ ու ճիշտ համարեմ հանրային դիրքորոշում ընդունելը։ Հայաստանում օրենքն արգելում է պետական ծառայողներին երկքաղաքացիություն ունենալ եւ ունեցվածք արտերկրում։ Բացի այդ, պետական պաշտոն զբաղեցնելու համար պետք է որոշ ժամանակ ապրես երկրում եւ այդ ընթացքում չունենաս այլ քաղաքացիություն»:

Մյուս հարցին, թե ինքը նախատեսո՞ւմ է պետական պաշտոն ստանձնել, Արցախի ապագա պետնախարարը պատասխանել էր․ «Ոչ: Ուզում եմ գործելու լիակատար ազատություն ունենալ, այդ թվում՝ բարոյական տեսանկյունից։ Այնուամենայնիվ, Արցախը մի տարածք է, որը դեռեւս չունի լիարժեք որոշակի կարգավիճակ, եւ այս հակամարտության պատմության մեջ ես չեմ ուզում փոխարինել Ռուսաստանին»։

Որպես Արցախում իր գլխավոր խնդիր՝ հայտնի գործարարը մասնավորապես նշել էր հետեւյալը․ «Պայմանների ստեղծում Արցախում հաջողակ հասարակություն կառուցելու համար, որը կունենա հզոր տնտեսություն եւ սոցիալական ինստիտուտներ, որոնք կբարձրացնեն երկրի եւ տարածաշրջանի անվտանգությունը։ Եվ այս առումով իմ հիմնական գործառույթն է օգտագործել իմ փորձը (ե՛ւ կառավարչական, ե՛ւ ֆինանսական) եւ իմ կապերը՝ զուգորդված իմ հնարավորությունների հետ որպես մարդու, որը կարողանում է պայմանավորվածության գալ: Ամեն ինչ անել, որպեսզի խորը երկարատեւ հակամարտության ծայրահեղ ծանր իրավիճակի պայմաններում Արցախը պահպանի իր հողերը, որտեղ հազարավոր տարիներ ապրել են հայերը։ Միաժամանակ, փորձեք սկսել հարեւանների հետ հարաբերություններ կառուցելու դժվարին ճանապարհը՝ հենվելով ոչ թե այլատյացության ու փոխադարձ ատելության, այլ միմյանց կողքին ապրել սովորելու ցանկության վրա։ Ես միշտ եղել եմ մարդ, որը միշտ կապել եմ անկապելին։ Ես պատերազմին չեմ մասնակցել, չեմ կռվել, այս առումով ինձ հետ շփումը կարող է ավելի հեշտ լինել, քան Արցախյան պատերազմի միջով անցած մարդկանց հետ շփումը»։

Լաչինի միջանցքի փակվելուց հետո, սակայն, Արցախի պետնախարարին չի հաջողվում իր ֆինանսական եւ մյուս կապերն օգտագործելով՝ պայմանավորվածության գալ միջանցքի ապաշրջափակման շուրջ։

Նշենք, որ դեկտեմբերի 23-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում նշել էր, թե Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի հետ որեւէ առնչություն չունի։ «Վարդանյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը նրան զրկել է քաղաքացիությունից: Նրա այցը Ղարաբաղ որեւէ կապ չունի Ռուասաստանի հետ»,- ասել էր ՌԴ ԱԳ նախարարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ