Բանակի խնդիրները լուծելիս ես անբարոյականություն եմ համարում իշխանություն-ընդդիմություն խաղալը. Նորիկյան

«Բանակի խնդիրները բարձրաձայնելիս ու բանակի խնդիրները լուծելիս ես անբարոյականություն եմ համարում իշխանություն-ընդդիմություն խաղալը, միմյանց նկատմամբ համակրանք ու հակակրանք ունենալը»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ նշելով, որ երեկ եղել է այն վայրում, որտեղ 3 օր առաջ տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։

Նորիկյանը մեկ անգամ ևս խորապես ցավակցել է մեր ժողովրդին ու զոհված զինծառայողների հարազատներին՝ ս ահասարսուռ ողբերգության համար։

«Ես չգիտեմ, թե իրավասու մարմինների կողմից ինչ հետևություններ ու քայլեր կարվեն՝ այսպիսի ողբերգությունները բացառելու համար, սակայն մի հարցում համոզված եմ․

Եթե մենք իսկապես ցանկանում ենք փոխել մեր կյանքի որակը, մեր պետության ու հասարակության որակը, մեր պետական կառավարման համակարգի որակը, մեր բանակի որակը, մեր սպայական կազմի որակը, բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, եթե մենք իսկապես ցանկանում ենք ունենալ մարտունակ և տեխնիկապես հագեցած ու արդի չափանիշներին համապատասխան զինված ուժեր, ուրեմն՝ այս ողբերգությունը պետք է սառը ցնցուղի ազդեցություն ունենա մեզանից յուրաքանչյուրի համար։

Մենք պետք է սթափվենք ու հաշիվ տանք մեզ մեր անտարբերության ու մեր անգործության համար, այլևս երբեք չխուսափենք մեր բաժին պատասխանատվությունից ու համատեղ ուժերով կասեցնենք՝ մահվան այս «Շքերթը»․․․

Մեր բանակը չպետք է դառնա մահվան բանակ։

Ես ասում եմ՝ բանակի խնդիրները բարձրաձայնելիս ու բանակի խնդիրները լուծելիս ես անբարոյականություն եմ համարում իշխանություն-ընդդիմություն խաղալը, միմյանց նկատմամբ համակրանք ու հակակրանք ունենալը։

Բանակը ո՛չ իշխանությանն է, ո՛չ էլ ընդդիմությանը։

Ինձ համար ոչ մի տարբերություն չկա, թե այս պահին սահմանին կանգնած հայոց բանակի զինվորը իշխանավորի՞, թե՞ ընդդիմադիրի զավակ է, նրա ծնողները կոնկրետ ի՞նչ վերաբերմունք ունեն իմ նկատմամբ, գործող իշխանության նկատմամբ կամ խորհրդարանական ընդդիմության նկատմամբ։

Ես ասում եմ՝ եկեք հայոց բանակի բոլոր զինվորներին վերաբերենք մեր զավակի պես, օրինակելի ու կարգապահ հրամանատարներին փառաբանենք ու ապավեն լինենք, ուժ ու վստահություն հաղորդենք իրենց․․․

Եկեք փայփայենք մեր բանակին ու իսկապես դարձնենք այն ավելի ուժեղ ու ավելի արժանապատիվ»,-գրել է Նորիկյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ