Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են․ Աննա Հակոբյան

Հունվարի 20-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում անցկացվել է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը», որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Կանաչ արահետ» ՀԿ մարկետինգի խորհրդատու, ծրագրերի համակարգող Ստելլա Սարուխանյանը։

Ֆորումի եզրափակիչ լիագումար նիստն անցկացվում էր բոլոր երկրներից ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ։ Համագումարի ընթացքում ելույթ է ունեցել նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, իր երախտագիտությունը հայտնել համագումարի կազմակերպիչներին՝ ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդային և ԻԻՀ նախագահի՝ կանանց և ընտանիքի հարցերով տեղակալ Էնսիե Խազալիին։

Կանանց դերը և ազդեցությունը պետք է ըստ արժանվույն գնահատել աշխարհի բոլոր երկրներում՝ կրթական, մշակությաին, առողջապահական և այլ ոլորտներում՝ իր խոսքում նշել է Աննա Հակոբյանը։ Սա կարևոր է նաև խաղաղության դարաշրջան բացելու, ատելությունը հաղթահարելու գործում։

Վարչապետի տիկինը ներկաներին պատմել է նաև 2020-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, ընդգծել, որ դա պատերազմ էր ընդդեմ ազատության, ժողովրդավարության և խաղաղության։ Հիշեցրել, որ պատերազմի օրերին, խաղաղություն հաստատելու համար բաց նամակով դիմել է մի շարք պետությունների առաջին տիկիններին։ Շարունակել է ներկայացնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված ներկայիս իրավիճակը, երբ 120 000 հայ շրջափակման մեջ է և երազում է խաղաղության մասին։ Աննա Հակոբյանը կրկին միասնականության կոչով դիմել է ներկաներին, առաջարկել մեկտեղել ջանքերը։ Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են՝ ասել է վարչապետի տիկինը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ