«Ինչու են մեր երկրում աղետները շատ». վարչապետի մեկնաբանությունը նոր պարեկների հետ հանդիպմանը

ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ

Չորս մարզում պարեկային ծառայության գործարկման մեկնարկին հետևող վարչապետը Արագածոտնում անդրադարձավ երկրում ամենատարբեր ոլորտների խնդիրների լուծմանն ու նշեց՝ դրանք պետք է լինեն արմատական:

Նիլոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) — Այդ պրոբլեմները ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով շատ հաճախ: Եվ ուզում եմ ընդգծել, որ պարեկային ոստիկանությունը հենց կարկատանային տրամաբանությունից դուրս գալու ամենավառ դրսևորումներից է: Որովհետև երբ որ մենք սկսել ենք խոսել Հայաստանի Հանրապետության պարեկային ոստիկանության մասին, սկզբունքային, կարևոր նշանակություն է եղել, որ պարեկային ոստիկանությունում ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած ավտոմեքենաներից, հագուստից, բայց ամենակարևորը՝ մտածողությունը:

Ամեն նոր կառույցի հետ պետք է բերել նոր մտածողություն՝ նշեց վարչապետը: Ոստիկանության, փրկարար ծառայության, ներքին գործերի համակարգի բարեփոխումները հաջող են ընթանում, և այսուհետև էլ դրանք պետք է վճռականորեն արվեն՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիլոլ Փաշինյան — Շատերը թյուրիմացաբար մտածել են, թե սա բարեփոխում է ոստիկանի դեմ: Սա բարեփոխում չէ ոստիկանի դեմ, սա բարեփոխում է հանուն ոստիկանի, և սա բարեփոխում է, որն իրականացնում են քաղաքացիական բարեփոխիչները ոստիկանական բարեփոխիչների հետ: Սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի համար, սա բարեփոխում է քաղաքացու համար:

Քաղաքացուն մատուցվող իրավակարգի ծառայությունը բարձրացվում է նոր որակի՝ նշեց վարչապետը:

Նիլոլ Փաշինյան — Կարկատանի մտածողության մեջ մարդուն կարգի հրավիրելը համարվում է ինչ-որ առումով վատություն: Մինչդեռ մարդուն կարգի հրավիրելը, օրենքի, օրինականության, բարեվարքության պահպանումը առաջին հերթին հանուն մարդու է: Որովհետև երբ որ դուք կարգազանց վարորդին կարգի եք հրավիրում, առաջին հերթին նրան եք լավություն անում: Երբ որ ալկոհոլ օգտագործած վարորդին թույլ չեք տալիս ճանապարհը շարունակել, առաջին հերթին լավություն եք անում հենց նրան, որովհետև նրա գործողություններից տուժելու են հենց նրա ընտանիքի անդամները, նրա բարեկամները, Հայաստանի քաղաքացիները:

Աշտարակում վարչապետը ծանոթացավ նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգու բարեկարգման աշխատանքներին:

ՀՀ-ՈՒՄ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ. ՎԱՐՉԱՊԵՏ

Կոտայքի մարզի պարեկայիններին ողջունելուց հետո վարչապետը նշեց՝ այս գործընթացն անշրջելի է, և ծառայության ստեղծմանն աջակցելու համար շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին, իսկ պարեկներին հորդորեց առաջնորդվել միայն օրենքով:

Նիլոլ Փաշինյան — Հայաստանի հանրապետությունում չկա քաղաքացիների սորտավորում, և բոլորը հավասար են օրենքի առաջ, և այս հավասարության ապահովման առաջին շարքում եք ծառայելու դուք այսօրվանից սկսած:

Վարչապետը հատուկ շնորհակալություն հայտնեց Պարեկայինում ծառայության անցած կանանց, վստահեցրեց, որ նրանք նոր ստանդարտների ու մտածողության ներդրողներն են: Գեղարքունիքում վարչապետը հույս հայտնեց, որ Պարեկային ծառայության ստեղծումով ավտոպատահարների թիվը կնվազի: Հաշվի առնելով մարզի առանձնահատկությունը՝ հաջորդ փուլով այստեղ կգործարկվի նաև առափնյա և ջրային պարեկային ծառայություն:

Նիլոլ Փաշինյան — Մեր ամենամեծ հակառակորդը այս պայքարում քրեական մտածողությունն է, քրեական մտածելակերպը, որն արտահայտություն ունի բոլոր ոլորտներում՝ պետական մտածելակերպից սկսած մինչև նույնիսկ իրավապահ համակարգ, նույնիսկ պետական և զինվորական ծառայություն: Պարեկային ոստիկանության օրինակով նաև հանրությունը պիտի վերաբերմունք ձևավորի պարեկային ոստիկանության նկատմամբ: Ինչու են մեր երկրում աղետները շատ. որովհետև շատ դեպքերում ասում են՝ լավ, էս մի բանը չասենք, մենք ասող չենք, մենք գրող չենք: Եվ այդ ամեն ինչի հետևանքով, երբ որ հանցագործության մասին հայտնելը, դրա շտկմամբ զբաղվելը ոչ միայն իրավապահ, այլև ցանկացած քաղաքացու գործն է:

Քաղաքացու հետ գործակցելու ավանդույթ պետք է ձևավորվի՝ պարեկներին հորդորեց վարչապետը: Կոռուպցիան ավերում է երկիրը, զրկում ապագայից, Տավուշի պարեկներին վարչապետի հորդորն է.

Նիկոլ Փաշինյան — Ուզում եմ մաղթել, ցանկանալ, հանձնարարել և պահանջել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի:

Ամբողջ ոստիկանության կառուցվածքը փոխվելու է՝ հավաստիացրեց վարչապետը, շուտով կգործի ոստիկանության գվարդիան, քրեական ոստիկանությունը, հասարակական կարգի պահպանության գլխավոր վարչությունը, որոնք պարեկային ծառայության հետ կհամարվեն առաջնային իրավակարգի հենասյուները:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ