«Սպան, որը խոսում է բանակի «բարդակի» մասին, գիտակցում է, որ իր այդ «ճեպազրույցը» «բարդակի» մի դրսևորում է». Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո դասակի հրամանատարի արտահայտած մտքերին և խոսույթին։

«Չգիտեմ, սպան, որ խոսում է բանակի «բարդակի» մասին, ինքը գիտակցում ու պատկերացնու՞մ է, որ հենց իր այդ «ճեպազրույցը» «բարդակի» մի դրսեւորում ու օրինակ է»,-գրել է Բադալյանը:

Ըստ քաղաքագետի, նրա խոսքերը շատերն են արժանացրել հավանության, առավելապես այն պատճառով, որ բանակի «բարդակի» պատասխանատու է անվանում բոլորին՝ սկսած վարչապետից, պաշտպանության նախարարից, ԳՇ պետից, ու այդ թվում նաեւ իրեն: Իսկապես համարձակ ու շիտակ գնահատական է, որը իհարկե տարբեր մարդիկ հավանության են արժանացրել տարբեր պատճառներով: Մի զգալի մասն էլ լոկ այն բանի համար, որ սպան թիրախավորում է բարձրագույն ղեկավարությանը:

Բադալյանի կարծիքով, այն, որ սպան ողբերգական դեպքի վայրում ճեպազրույց է ունենում լրագրողական խմբի հետ, արդեն իսկ «բարդակի» դրսեւորում է: Բանակի, ոստիկանության, ԱԱԾ, եւ այդօրինակ համակարգերի եւ լրագրողների շփումը երբեք չի կարող ու չպետք է լինի «ոտքի վրա»: Մի երեւույթ, որ Հայաստանում տարիներ շարունակ եղել ու շարունակում է լինել համատարած:

Քաղաքագետը փաստում է, որ դեռեւս 2014-15 թվականներից մի շարք անգամներ գրել է այն մասին, որ մեր առաջնագիծը դարձել է լրագրողական «ռեալիթի-շոուների» տաղավար՝ ով ֆոտոապարատը կամ տեսախցիկը վերցնում է, գնում է առաջնագիծ զինվոր ու սպա խոսեցնելու, ու նրանց նվիրվածության ֆոնին սեփական վարկանիշը ձեւավորելու:

Դա բանակ-հասարակություն կապ չէ, դա բանակի «հասարակացում» է: Բանակ-հասարակություն կապը պետք է ունենա պետական մանրակրկիտ մշակված կոնցեպտ, ու շփումը պետք է լինի ըստ դրա, առավել եւս արտակարգ պատահարների դեպքում:

«Լրատվամիջոցները, այո՝ պետք է հարցախեղդ անեն բանակի ղեկավարությանը, քաղաքական ղեկավարությանը, քննչական մարմիններին, հասարակությունը պետք է պահանջի հրաժարական ու տա ամենախիստ գնահատական, բայց այդ ամենում չպետք է լինի «ոտքի վրա ճեպազրույց» տվող սպա, չպետք է լինի, ինչի մասին էլ խոսի այդ սպան»,-գրել է Բադալյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ