Բարոյականության հատված սահմանը

Յուրաքանչյուր մարդ, հասարակություն ինքն է գծում բարոյականության սահմանը։ Սահման, որի հատումը արժեզրկում, ոտնատակ է անում տվյալ մարդու կամ հասարակության արժեհամակարգը։

Հայաստանում այդ սահմանը վաղուց գոյություն չունի, կամ վաղուց հատվել է։ Մի մասի կարծիքով այդ սահմանը վերացել է վերջին 4 տարվա ընթացքում, մյուս մասի կարծիքով՝ ավելի վաղ, կամ ընդհանրապես չի եղել։ Հարցն այստեղ հասարակության բարոյազրկման ժամանակահատվածը չէ, այլ այն, որ նեղ անձնական շահի համար՝ հասարակության բարոյալքումը շարունակվում է։

Ողբերգական վերջին պատահարը ջրի երես հանեց մարդկային ողբերգության վրա դիվիդենտներ հավաքելու, սեփական շահն առաջ տանելու, ուրիշի ցավի հաշվին ինքնահաստատվելու, սեփական բարեկեցությունը, քաղաքական հաշվարկը կառուցելու մոլուցքը։

Մեդիադաշտում երեկ տարածվեց հրկիզվող զորանոցի և այրվող զինվորների տանջանքի կադրերը։

Թվում էր, թե լրագրողական հանրույթը, մեդիադաշտի ներկայացուցիչները, անկախ քաղաքական հայացքներից պետք է թույլ չտան, որպեսզի հասարակությունը, մարդիկ հատեն բարոյականության, մարդկային արժեհամակարգի սահմանը։ Այն սահմանը, որը մարդկային խիղճը բաժանում է գազանին բնորոշ հատկություններից։ Սակայն հենց այդ խավը երեկ հերթական անգամ հատեց մարդկային խղճի և գազանության սահմանը։ Սահմանը հատեցին նրանք, որոնք այսօր սերունդ ու հասարակություն են իբր կրթում, որոնք այսօր փորձում են իշխանությանը այլընտրանք ներկայանալ։ Բայց մի թե՞ սա է ձեր այլընտրանքը, մի թե՞ ուրիշի ցավի ու դժբախտության վրա կառուցվածն է այլընտրանքը։

Ողբերգական դեպքի կադրերը տարածող հեռուստաընկերությունը և առանձին այսպես ասած լրագրողները, նրանց շրջապատի առանձին ներկայացուցիչները տարիներ շարունակ դպրոցներում և ԲՈՒՀ-երում մասնագետներ են պատրաստում, լրագրողներ են պատարստում, սերունդ են իբր կրթում, լրագրողական էթիկայի մասին են ամբողջ օրը խոսում, մյուսներին են խրատում։

Հայաստանի Ժուռնալիստների միություն կոչվող անհասկանալի կառույց կա։ Խորհրդային նեխած մտածելակերպով մի կառույց։ Ավելի ճիշտ ոչ թե կառույց, այլ որջ, որը լցված է ուրիշի ողբերգություններով ինքնահաստատվող մարդկանց աճեցրած քոթոթներով։ Այս անհասկանալի կառույցից՝ երկվա զարհուրելի կադրերի հրապարակումից հետո ծպտուն դուրս չի եկել։ Չի եկել շատ պարզ պատճառով, որովհետև հենց բարոյականության և գազանին բնորոշ հատկությունների սահմանը պահողներն են եղել այդ սահմանը խախտողները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ