Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ 15 ժամկետային զինծառայող հրդեհի պատճառով զոհվել է:
Զոհված Գագիկ Բարսեղյանի ազգականուհին «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ եղբայրը Գերմանիայից ժամանել էր Հայաստան՝ զինվորական պարտքը կատարելու:
Երիտասարդի ծնողներն այժմ Գերմանիայում են, հայրն այսօր լուրն իմանալուն պես հրաժարվել է Գերմանիայի քաղաքացիությունից, իսկ ահա մայրը ոչ մի ձևով Հայաստան գալ չի կարողանում։ Զոհվածի ազգականուհին նաև հավելեց հետևյալը. «Մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Սա աններելի դեպք է, որի հետ մենք չենք հաշտվի երբեք: Միշտ սպասելու ենք նրան», — ասաց նա: