Փորձում ենք դժոխքը դրախտի վերածել. Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի հիշատակի արարողություն

Այս տարի էլ հունվարի 19-ին` ժամը 15.00-ին, մարդիկ հավաքվել են «Ակօս» թերթի նախկին խմբագրատան դիմաց՝ ոգեկոչելու հայազգի լրագրող Հրանտ Դինքի հիշատակը, ում սպանությունից արդեն 16 տարի է անցել։ «Հրանտի ընկերներ» խմբի կոչով հազարավոր մարդիկ շտապել էին Դինքի սպանության վայր՝ արդարություն պահանջելու։ Խմբի անդամ Թամար Նալջըն Դինքի այդ ողբերգության ժամանակ 21 տարեկան էր։

Թամար Նալջը («Հրանտի ընկերներ» խմբի անդամ) — Ինչպես որ առաջին անգամ 2007-ի հունվարի 19-ին փողոց ելանք, այդ օրեն ի վեր փողոցն ենք։ Ես այդպես կզգամ։ Եվ այսօր՝ 16 տարի հետո, Թուրքիայում հին Ակօս-ի շենքի առջև այս բազմությունը դեռ հավաքելը կարևոր է։

Նալջըն շեշտում է նման օրերին կողք կողքի լինելու նշանակությունը՝ նշելով, որ 2020 թվականի պատերազմից հետո դա նաև նոր կարևորություն է ստացել։

Թամար Նալջը — Որպես հայ 16 տարի առաջ առաջին անգամ փողոց դուրս եկած այդ բազմությունն, իսկապես, շատ տպավորիչ էր։ Ի վերջո, 16 տարի անց դեռ հոս ենք, միասին ենք, բայց գիտենք, որ ավելի քիչ ենք։ Այս 16 տարվա ընթացքում ինչեր որ ապրեցինք, մանավանդ 2020թ. պատերազմից հետո։ Թուրքիայում հայ լինելն արդեն ուրիշ իմաստ էլ ունի։ Այդուամենայնիվ, Թուրքիայում ընկերների հետ, ոչ հայ ժողովրդի հետ քով քովի գալը դեռ կարևոր է ըստ իս։

Դինքի հիշատակի արարողությունը սկսվեց Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպան Շահարզատ Աքբարի նամակի ընթերցմամբ։ Աքբարը 2022թ. Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակաբաշխության դափնեկիրն է է։ Նամակ էր հղել նաև «Հրանտի ընկերներ»-ից Չիդեմ Մաթերը, որը նախորդ տարվանից քաղբանտարկյալ է։ Երկուսն էլ հիշատակում էին արդարադատության իրականացման և համակեցության կարևորությունը։

Լևոն Բաղըշ («Հրանտի ընկերներ» խմբի անդամ) — Սա բոլորիս համար շատ ցավալի, տխուր օր է, որը հիշեցնում է, որ մարդկանց՝ միասին ապրելու հույսը փորձում են սպանել։ Կարծում եմ՝ այստեղ գտնվելը միայն Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում չէ, սա միասին, կողք կողքի ապրելու կամքի արտահայտում է, քանզի այստեղ եկող մարդիկ հավատում են համատեղ կյանքին։ Հիշենք Դինքի հրաշալի խոսքը. «Մարդիկ ենք, որ փորձում ենք դժոխքը դրախտի վերածել»։

Արարողության ընթացքում «բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք» վանկարկումներից բացի` լսելի էր նաև «մարդասպան պետությունը պատասխան է տալու», «պայքարը շարունակվելու է» կարգախոսները։ Բաղըշը նշում է, որ Հրանտ Դինքի ժառանգությունը ոչ միայն Թուրքիայի հայերի, այլ բոլորի համար է կարևոր։ Ըստ նրա՝ Հրանտ Դինքի հիշատակը հարգելուց բացի, մարդիկ արդարության պահանջ են ներկայացնում։

Լևոն Բաղըշ — Անցած 16 տարիների ընթացքում անարդարությունը միայն Դինքի գործով դատավարության ընթացքում չէ, որ զգացել ենք: Ամեն օր շարունակում ենք ապրել այս անարդարության պայմաններում։ Ամենակարևոր բանը, որ կարող ենք անել անարդարության, անօրինության և չարի դեմ` կանգուն մնալն է։ Քանզի անարդարությունն ու ապօրինությունը մեծանում են, քանի դեռ լուռ ենք։ Սա կանխելու միակ ճանապարհը դեմ դուրս գալն է։ Արցախում այս պահին մեծ դժվարություններ կրող մարդկանց համար էլ ամենակարևորը չարի, չարության դեմ անսասան մնալն է:

Դինքի հիշատակի արարողության ընթացքում այս տարի հիմնական ելույթով հանդես եկավ հայտնի կինոռեժիսոր Էմին Ալփերը։ Ընդդիմադիր հայացքներով հայտնի Ալփերն իր խոսքում հիշատակոց փոքրամասնությունների դժվարությունները՝ նշելով. «Մարդկության պատմությունը պետք է փոխվի, և մենք կփոխենք այն»։

Այս տարի «Ակօս»-ի նախկին խմբագրատան շենքի՝ Սեբաթ ափարթմանի վրա Դինքի դիմանկարը և աղավնիներ են։ Տարիներ շարունակ հիշատակի արարողությունները վարող, Դինքի դատավարություն հետևող Բյուլենթ Այդընը այս պատկերի խորհրդի մասին է պատմում։

Բյուլենթ Այդըն («Հրանտի ընկերներ» խմբի անդամ) — Սա կարևոր խորհրդանիշ է։ Դինքի սպանության պահին քաղաքի բոլոր աղավնիները թռան։ Սա միևնույն ժամանակ խորհրդանշում է մեր պահանջը, որ այս քաղաքում այլևս ոչ ոք աղավնու անհանգստությամբ չապրի։

Դինքի հիշատակը հարգելու համար հավաքված բազմությունը տարածքը լքեց՝ ամեն տարի նույն վայրում, նույն ժամին հավաքվելու և արդարության պահանջը էլ ավելի լսելի դարձնելու խոստումով։

Տեսանյութ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ