«Վեոլիա ջրի» աշխատակիցը խողովակաշար անցկացնելու ժամանակ մնացել է հողաշերտի տակ և մահացել

Տավուշի մարզում այսօր՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 14։10-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 15 հասցեի մոտ խողովակաշար անցկացնելու համար հողային փորման աշխատանքներ կատարելու ժամանակ փոսում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, և աշխատակիցը մնացել է հողաշերտի տակ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հրշեջ փրկարարները քաղաքացուն հողաշերտի տակից դուրս են բերել և մոտեցրել «Բերդ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նրա վիճակը եղել է ծայրահեղ ծանր։

Մինչ տեղում աշխատում էին ոստիկաններն ու փրկարարները, Բերդի բժշկական կենտրոնից Ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ տեղափոխված քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Վեոլիա Ջուր» ընկերությունում և իր գործընկերների հետ ջրագիծ էին անցկացնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ