«Կարող եմ հավաստիացնել, որ ռուս խաղաղապահները որևէ գաղտնի բան չեն անում, իսկ որոշ մարդիկ փիառով են զբաղված». Բաբայան

Արցախի արտաքին գործերի նախկին նախարար, օրերս խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ նշանակված Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախում իրավիճակը գնալով բարդանում է, դժվարությունները՝ օր օրի ավելանում․ չկա լույս, գազ, սննդի հարցը դեռ կարգավորվում է քարտային համակարգով։

Դավիթ Բաբայանի հետ հարցազրույցից հետո Արցախի օպերատիվ շտաբը հայտնեց, որ ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով:

«Վառելիք չկա, դպրոցներն ու մանկապարտեզները չեն աշխատում։ Պետական համակարգի կառույցները անցել են սահմանափակ աշխատանքային ռեժիմի։ Բարդ է, ամեն ինչի խնդիր ունի Արցախը։ Պատկերացրեք՝ Երևանը 40 օր ոչինչ չստանա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Բաբայանի կարծիքով՝ Արցախում ստեղծված իրավիճակը Հայաստանում գտնվող որոշ մարդիկ օգտագործում են իրենց ինքնագովազդի համար, սակայն, ըստ նրա, երբ գործ ունես Ադրբեջանի նման հակառակորդի հետ, պետք է կարողանաս իրավիճակը ճիշտ օգտագործել:

«Պետք է հասկանանք, որ, ի դեմս Ադրբեջանի, մենք առերեսվում ենք լուրջ երկրի հետ։ Սակայն հայ ժողովրդի որոշ հատվածի մոտ ստեղծված իրավիճակի հետ կապված ընդգծված փիառի դրսևորում կա։ Սիմվոլիկ թվերի մասին են խոսակցություններ տարածում, թե Ադրբեջանը ճանապարհը փակելու է 44 օր՝ 44-օրյա պատերազմի սիմվոլիկայով, որպեսզի հետո կենաց խմեն՝ «մի 44-օր էլ մենք դիմացանք»։ Մեր տունը այս փիառն է քանդել։ Պետք չէ նաև սիմվոլիզմի հետևից ընկել։ Կան բաներ, որոնք իրենք կարող են կապել այս կամ այն օրվա հետ, բայց սա այդ դեպքը չէ»,- նկատում է նա:

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ադրբեջանական կողմի հետ ուղիղ շփումներ կամ բանակցություններ չկան, ասում է զրուցակիցը, դրանք Արցախի և Ադրբեջանի միջև տեղի են ունենում ռուս խաղաղապահների միջնորդությամբ:

«Այլ տարբերակ չկա, շփումները անհրաժեշտ են։ Բանակցային մակարդակի հասնելու համար նախ պետք է վերականգնվի միջազգային հարթակը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը, և այդ խմբի ներքո տեղի ունեցող բանակցությունները, որտեղ 1994 Բուդապեշտի գագաթաժողովում, 1995 թվականի հարակից որոշումներով վերահաստատվել է, որ Արցախը կողմ է բանակցային գործընթացին։ Այս ամենից հրաժարվելը կնշանակի հրաժարվել մեր սուբյեկտիվությունից։ Սակայն Ադրբեջանը չի գնա բանակցությունների, նա նույնիսկ չգնաց դրան, երբ մենք էինք ուժեղ, ինքը՝ թույլ։ Ամեն դեպքում, պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- կարծում է Բաբայանը:

Անդրադառնալով նաև սոցցանցերում և մամուլում շրջանառվող այն խոսակցություններին, թե, չնայած ճանապարհի փակ լինելուն, միևնույն է, որոշ մարդիկ կարողանում են ելք ու մուտք անել Արցախ, կասկածներին, որ հնարավոր է՝ այդ մարդիկ ռուս խաղաղապահների հետ գաղտնի գործարքի մեջ են, նա ասում է, որ ինքը նման տեղեկություններ չունի․ «Ես որևէ տվյալ չունեմ, որ ռուս խաղաղապահներն ինչ-որ մարդկանց բերում-տանում են: Միայն գիտեմ, որ Կամիր խաչն է հիվանդներին տեղափոխում Երևան։ Ռուս խաղաղապահներն օգնեցին արցախցի երեխաներին վերադառնալ Արցախ։ Ես կարող եմ հավաստիացնել, որ գաղտնի որևէ բան չեն անում»։

Հարցին՝ ՀՀ-ում գտնվող պաշտոնյաները տեղյա՞կ էին, որ Գորիսում մնացած Արցախցի երեխաները վերադառնալու են Արցախ, արդյոք չէի՞ն կանխատեսել, որ ադրբեջանական պսևդոակտիվիստները կարող են վախեցնել նրանց կամ այլ գործողությունների գնալ՝ հաշվի առնելով ադրբեջանցիների ատելությունը հայերի հանդեպ, Բաբայանն ասում է. «Ես հասկանում եմ, որ որոշ մարդիկ ուզում են իրականացնել պատվեր, որպեսզի ասեն՝ տեսեք ռուսները թույլ են տվել, որ ադրբեջանցի պրովակատորները դուռը բացեն և ներխուժեն մեքենան, այս են արել, այն չեն արել, բայց հարցը դա չէ։ Այդպես դիտարկելը նշանակում է կամ միտումնավոր ապատեղեկատվություն տարածել, կամ պարզապես սխալ մոտեցում ցուցաբերել։ Ռուս խաղաղապահներն անմիջապես կասեցրել են տեղի ունեցածը, նրանց դուրս հանել մեքենաներից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ