Հասարակական տրամադրությունները, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե մասամբ, կառուցվում են նաև մեդիադաշտի միջոցով, երբեմն նաև առանձին լրագրողների, իսկ մեր ժամանակներում նաև սոցիալական ցանցերում մեծ ակտիվություն ունեցող առանձին օգտատերերի միջոցով։
Հայաստանի նման երկրներում, որտեղ մեդիագրագիտությունը ցածր մակարդակի վրա է՝ հասարակությունը իսկական պղտոր ջուր է մեդիայի համար, հատկապես այն մեդիայի, որը ձկնորսական կարթ է մեծ քաղաքական ուժերի և առանձին ահատների ձեռքում։
Հայաստանում՝ վերջին մեկ-երկու տասնամյակի ընթացքում, մեդիան ձևավորվել է ոչ թե որպես իրական տեղեկատվական, վերլուծական հարթակ, այլ մրցակիցներին, հակառակ կողմին, պետական և հասարակական գործիչներին թիրախավորելու, մարդկանց՝ ամենավերջին բառերով ու իրականության հետ հաճախ կապ չունեցող պատմություններով, նրանց ընտանիքներին, ընդհուպ երեխաներին բարոյապես ոչնչացնելու հարթակ։ Հարթակ, որտեղ լրագրողների գերակշիռ մասն առաջնորդվում է անձնական և ոչ թե հասարակական շահով, առաջնորդվում է սեփական դրամապանակը և ոչ թե հասարակական գիտակցությունը հարստացնելու մոլուցքով։
Հայկական մեդիայի գլխավոր շահը դարձել է «լայքահավաքությունը», հանուն որի բազմաթիվ լրագրողներ ու սոցցանցերի ակտիվ օգտատերեր պատրաստ են ոչնչացնել սեփական Ես-ը, հանուն մի քանի «լայքի» կամ դրանց դիմաց ստացած փողի։
«Լայքահավաքության» թիրախ հաճախ դառնում են պետական պաշտոնյաները, բարեխիղճ գործարարները, քաղաքական, հասարակական գործիչները։ Եվ այս համատարած մեդիաարշավանքում բացակայում է պատասխանատվությունը։ Չկա պատասխանատվություն խոսքի, բառի նկատմամբ։
Այս դաժան իրականությունն առավել ակնհայտ է դառնում ողբերգական իրադարձությունների ժամանակ։ Այս դաժան իրականությանն ականտես ենք դարձել նաև պատերազմի ու դրանից հետո տեղի ունեցած ողբերգությունների ժամանակ։
Լրագրողական հանրույթը, համենայնդեպս այս հանրույթի գերակշիռ մասը, հանուն սեփական գրպանի դատողություններ, վերլուծություններ է անում, մեղադրանքներ է հնչեցնում առանց ամբողջական տեղեկատվությանը տիրապետելու, դատողություններ է անում հանուն սեփական քաղաքական կամ գործնական հովանավորի։ Կոչեր են անում պաշտոնանկ անել մեկին, մյուսին, իսկ ավելի «համարձակները»՝ գլուխներ թռցնելու կոչերի են անցնում նաև։ Եվ այս ամենում բացակայում է խղճի հանդեպ պատասխանատվությունը։
Թարմ օրինակը, թերևս, զորանոցի հրդեհի դեպքն է։ Երեկվանից ամբողջ մեդիադաշտն ու սոցիալական հարթակները ողողված են տարբեր մեղադրանքներով, բոլորը դարձել են քննիչներ, դատախազներ ու դատավորներ։ Քննում են, մեղադրում են, դատում են անպատասխանատու ձևով։
Անշուշտ, ողբերգական պատահարի մեղավորներին պետք է գտնել և պատժել ամենախիստ ձևով, սակայն դա պետք է լինի կշռադատված, արդար, որպեսզի մի ողբերգությունը չբերի ուրիշ ողբերգության։
Այլանդակությունը հասել է այն աստիճանի, որ լրատվամիջոցներից մեկը հանուն իր ճղճիմ մեկ-երկու «լայքի»՝ զոհված տղաներից մեկի քրոջ հետ է զրուցել և հպարտությամբ գրել, որ քույրը եղբոր զոհվելու մասին տվյալ լրատվամիջոցի լրագրողից է տեղեկացել։
Սա է մեր մեդիայի իրականությունը, իրականություն, որտեղ չկա պատասխանատվություն, չկա բարոյական ու մարդկային արժեք։ Փոխարենը կա փող, կա ինքնահաստատվելու, հանուն սեփական բարեկեցության դիմացինին ոչնչացնելու մոլուցք։