Ռիտա Սարգսյանի բանկային հաշվի վրա կա 95 միլիոն ավանդ եւ կուտակված տոկոսներ․ Հակակոռուպցիոն դատարանը քննում է Սերժ Սարգսյանի ընտանիքի գույքի օրինականությունը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցան ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ կնոջ, դուստրերի  գործով նախնական դատական լսումները: Ըստ հայցադիմումի՝ Սերժ Սարգսյանի գույքը  իրավասու մարմինը 38 տոկոսով համարում է ապօրինի ձեռք բերված: Հայցադիմումում նախկին նախագահի դստեր՝ Սաթենիկ  Սարգսյանի, մասով նշված է, որ վերջինս 2009 թ․  մարտի 16-ից մինչեւ 2019 թ․  ապրիլի 26-ը աշխատել է առողջապահության նախարարության աշխատակազմում որպես տնտեսագետ,  այդ ընթացքում նրա եկամուտը կազմել է շուրջ 2 միլիոն դրամ:
«Ճի՞շտ եմ հասկանում, անձը աշխատել է տասը տարի, ստացել է ընդհանուր առմամբ՝ 2 միլիոն դրամից մի քիչ պակաս, որը, եթե բաժանում ենք 10 տարիների վրա, ստացվում է 198 գազար դրամ, որը եթե բաժանում ենք 12 ամսվա մեջ, ստացվում է, որ անձն ամեն ամիս ստացել է 16 հազար 500 դրամ աշխատավարձ, որը   նվազագույնից ավելի պակա՞ս է»,-լիազոր մարմնին հարց հղեց պատասխանողի ներկայացուցիչը։ Լիազոր մարմնի ներկայացուցիչն էլ պատասխանեց, թե   հայցադիմումում որպես հիմք ներկայացված են   առողջապահության նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի  տվյալները՝ հավելեով՝ արտադատական փուլում Սաթենիկ Սարգսյանի ներկայացուցիչը հայցադիմումում ներկայացված  նյութերի վերաբերյալ որեւէ առարկություն չի ներկայացրել։ Հետեւապես  ներկայացված թվական տվյալները  վերահաշվարկի չեն ենթարկվել։
Դատական այսօրվա նիստի  ժամանակ դատավորը  մասնավորապես հետաքրքրվեց՝  ի՞նչ հիմքով է հայցվոր կողմը  դատարանից պահանջում բռնագանձել Սերժ Սարգսյանի տիկնոջ՝  Ռիտա Սարգսյանի, անվամբ «Արարատբանկ»-ում ներդրված ավանդն ու դրան հաշվեգրվող տոկոսները: Ըստ հայցվորի ներկայացուցչի պարզաբանման՝ ավանդը ներդրվել է ամուսնության ընթացքում, համարվում է համատեղ ձեռք բերված գույք, որի իրական շահառուն հանդիսանում է Սերժ Սարգսյանը:
Պատասխանող կողմի նեկայացուցչի՝ լիազոր մարմնի ներկայացուցչին ուղղած  մեկ այլ հարց վերաբերում էր Ռիտա Սարգսյանի բանկային հաշիների, ծախսերի ուսումնասիրությանը։   «Սույն գործի վարույթը հարուցվել է 2020 թ հոկտեմբերի 7-ին, իսկ Ռիտա Սարգսյանը մահացել է 2020 թ նոյեմբերի 20-ին»,-նկատեց պատասխանողի ներկայացուցիրը՝ հավելելով, թե  իմանալով, որ անձը, որի վերաբերյալ վարույթ է իրականացվում, մահացել է, լիազոր մարմինը   երկու տարի շարունակ ուսումնասիրել է մահացած անձի գույքն ու եկամուտները։ Դատարանն իր հերթին հարց հղեց պատասխանող կողմի ներկայացուցչին (Ամրամ Մակինյանին), թե՝   սույն գործի լուծման համար ի՞նչ նշանակություն ունի նման հարցադրման պարզաբանումը, ինչո՞ւ է նման փաստական հիմքը կարեւոր։
«Հարցը ունի երկու շերտ՝ իրավական եւ բարոյական։ Մեր ձեռքի տակ եղած նյութերը  ուղղակի ջախջախում են պարոն Ենոքյանի  (դատախազության լիազոր ներկայացուցչի)  առաջ քաշած այն կանխավարկածը, որ Ռիտա Սարգսյանի եւ Սերժ Սրագսյանի ծախսերը նույնական են։ Կան ակնհայտ կատարված ծախսեր, որոնք հուշում են, որ դրանք չէին կարող կատարվել Սերժ Սարգսյանի կողմից՝ տարբեր հիմնավորումներով։ Քանի որ դատավարության այդ փուլը չի, ես չեմ անդրադառնում դրան։ Երբ վարույթն իրականացնող մարմինը իմացել է, որ անձը մահացել է, ի՞նչ հիմնավորմամբ է շարունակել ուսումնասիրել մահացածի գույքը»,-հարց հղեց պատասխանող կողմի   ներկայացուցիչը։
Դատախազության լիազոր ներկայացուցիչն էլ  ի պատասխան տարակուսեց, թե  որտեղի՞ց այդ համոզվածութունը, որ ուսումնասիրվել են կոնկրետ Ռիտա Սարգսյանի բանկային հաշիվները, եթե մահվանից հետո չի ենթադրվել, որ կարող է որեւէ գործարք տեղի ունենալ։
 «Այսինքն, եթե մինչեւ անձի մահանալը իրավասու մարմինը եկել է այն եզրահանգման, որ հաշվեհամարին կա իմ կողմից նշված ավանդը՝ 95 միլիոն, եւ դրա տակ կուտակվել է տոկոս, որը մինչ օրս միգուցե կուտակվում է,  ուրիշ ի՞նչ ծախսերի մասին կարող է խոսք լինել կամ՝ եկամտների հաշվարկի, որոնք կատարել է իրավասու մարմինը՝ անձի մահվան փաստը իմանալուց հետո։ Իսկ որպես մահվան փաստ՝  իրավասու մարմինը հիմք է ընդունել արդարադատության նախարարության կողմից տրված տվյալը, որտեղ ֆիքսվել է մահվան գրանցման վերաբերյալ։ Այն օրը, երբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններով վերջին գործարքը կատարվել է՝ դա ֆիքսվել է եւ դրանից այն կողմ որեւէ շարժ չի նկատվել։ Ես ուղղակի չգիտեմ, թե ինչ նկատի ունեք «ուսումնասիրություն» ասելով։
Ռիտա Սրագսյանը իրավասու մարմինի կողմից երբեւէ չի ուսումնասիրվել, ուսումնասիրվել է Սերժ Սարգսյանը, նրա գործունեությունը՝ հաշվի անելով, որ Ռիտա Սարգսյանը համատեղ ամուսնական հարաբերությւնների մեջ է գտնվել  Սերժ Սրագսյանի հետ, բնականաբար ամբողջ ծավալով է ուսւմնասիրվել, բայց մահվան փաստի ի հայտ գալուց հետո, երբ հասկանալի էր, որ բանկային հաշվի վրա որեւէ շարժ  չի կատարվում,  անտրամաբանական է, որ ինչ-որ ուսումնասիրություն պետք է կատարվեր»։
Պատասխանող կողմի հաջորդ հարցադրումը վերաբերում էր Սերժ Սրագսյանի հայտարարագրերին։ Մասնավորապես դատախազության լիազոր ներկայացուցիչը նշեց, որ հիմք են ընդունվել հայտարարագրերում նշված աշխատավարձերը, իսկ մնացած տվյալները, մասնվորապես թանկարժեք գույքի վերաբերյալ՝ ոչ։

Հաջորդ նախնական  դատական նիստը կնշանակվվի փետրվարի 9-ից հետո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ