Կոլոմինան Երևանից մեկնել է Բաքու ու հանդիպում ունեցել Բայրամովի հետ

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Ադրբեջանում է։ Երեկ նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին գրում է ադրբեջանական Report-ը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցության օրակարգի արդի թեմաները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր ու Լաչինի միջանցքի ներկայիս իրադրությունը։

Բայրամովը նաև զրուցակցին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարգավորման գործընթացի, խաղաղության օրակարգն առաջ տանելու ուղղությամբ Ադրբեջանի քայլերի, ու իբր «Հայաստանի կողմից խաղաղության գործընթացը խոչընդոտող ռազմաքաղաքական սադրանքների ու ականային սպառնալիքը շարունակելու վերաբերյալ»։

Բայրամովը, խոսելով Լաչինի միջանցքի իրադրության մասին, Հայաստանին մեղադրել է նաև Լաչինի միջանցքը ոչ հումանիտար նպատակներով օգտագործելու ու այդպիսով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու մեջ։

Կոլոմինան էլ ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակելու կարևորությունը՝ խաղաղություն ու անվտանգություն հաստատելու համար, քանի որ տարածաշրջանում լարվածության առկայությունը մտահոգության տեղիք է տալիս։

Հիշեցնենք, որ մինչ Բաքու մեկնելը Կոլոմինան Երևանում էր։ Այստեղ նա հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Քննարկումների առանցքում է եղել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ