Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրոմիությունը կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթներ մշակել՝ չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում այս հարցի շուրջ բանավեճը բարդանում է:
«Գրեթե մեկ տարի առաջ մենք նույնպես ցավ էինք զգում, ցնցվում ռուսական դաժանությունից, որն այսօր տեսնում ենք Սոլեդարում, Բախմուտում և շատ այլ բնակավայրերում։ Օրեր առաջ սարսափելի հարված եղավ Դնեպրի բնակելի բազմահարկ շենքին, ինչի հետևանքով 40-ից ավելի մարդ զոհվեց..
Նրանք ոչնչացնում են ձեր ենթակառուցվածքները, հրետակոծում ձեր քաղաքները: Ինչո՞ւ, որովհետև դուք ուզում եք լինել ազատ ուկրաինացիներ, դուք ուզում եք գնալ ձեր ճանապարհով: Դուք ընտրել եք ժողովրդավարությունը»,- ասել է Միշելը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի Գերագույն ռադայում։
«Շուտով կկայանա Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը, և հուսով եմ, որ մենք կկարողանանք արտահայտել մեր աջակցությունն Ուկրաինային և նրա շարժմանը դեպի Եվրոպական միություն»,- հավելել է նա:
Փետրվարին Կիևում տեղի է ունենալու Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովը: