Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած ծանր և ցավալի ողբերգության մեղավորներն անմիջական ղեկավարաներն են:
Ըստ ռազմական ոլորտին խորքային ծանոթ Հովհաննիսյանի՝ նման միջադեպերի հետևանքով տուժում են ոչ միայն անմիջական վերադաս ղեկավարները, այլև օպերատիվ օղակի հրամանատարները: Հովհաննիսյանի խոսքով՝ թեև նրանք լուրջ կադրեր են և մեծ զորք են ղեկավարում, վերջիններիս մասնագիտական հմտությունները մեր զինված ուժերին խիստ անհրաժեշտ են, սակայն, ըստ կարգի, նրանք կա՛մ հրաժարական պետք է տան, կա՛մ պաշտոնանկ արվեն:
«Եթե կան հակահրդեհային կանոնների պահպանման նորմեր, դրանք, իհարկե, պետք է պահպանվեն ու հակառակի դեպքում՝ պատժել, բայց արդյոք նման խնդիրները կարգավորվո՞ւմ են միայն ԳՇ պետի գրած չափորոշիչների պահպանումով: Ավելի խորքային հարցեր կան»,- ասում է նա:
Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել այն կոչերը, ըստ որի՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս պետք է հրաժարական տա: Ըստ նրա՝ խնդիրներ լինում են ցանկացած բանակում, սակայն որտեղ խորքային խնդիրները շատ են, այդտեղ հավանականություն կա լրջագույն հետևանքների:
Հարցին՝ նմանօրինակ դեպք նախկինում ևս եղե՞լ է, ռազմական փորձագետն ասում է. «Հիշողությանս մեջ վերջին տարիներին կատարված նմանօրինակ դեպք չի տպավորվել: Հիշում եմ՝ մոտ 15 տարի առաջ տեղի ունեցավ ողբերգական դեպք՝ 5-6 զինծառայողի սպանություն էր»:
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի խոսքով էլ՝ դժվար է այս պարագայում որևէ եզրահանգումների գալ, քանի որ ամեն բան դեռ անորոշ է, հնարավոր է՝ արվող ենթադրությունները սխալ դուրս գան:
«Այս իրավիճակում անմիջական ղեկավարների մեղավորությունը կանոնակարգային հարաբերությունների և պահանջների բարձիթողի վիճակում լինելն է: Փաստացի եղել է կանոնադրական կարգի խախտում, սակայն մանրամասները կպարզի հետաքննությունը: Իրականում ամենօրյա աշխատանքներն ու զինվոր-վերադաս հարաբերությունները պետք է կարգավորված լինեին, վերադասները պետք է իմանային, թե ինչ բարոյահոգեբանական վիճակում են իրենց զինվորները, վերլուծություններ անեին ու վերացնեին թերությունները»,- ասում է նա:
Ազատամարտի մասնակցի դիտարկմամբ՝ սույն իրավիճակում վերադասի տված հրամանները մնացել են զուտ թղթի վրա գրված, սակայն դա այդպես չպետք է լիներ. «Հրամաններին չպետք է նայել մատների արանքով կամ էլ դրանք անտեսել ու չկատարել: Պապիկյանի հրաժարականի մասով էլ՝ «եզն ընկնում է, դանակավորները շատանում են»»:
Հարցին՝ նմանատիպ այլ դեպքեր նախկինում հիշում է, Խուդավերդյանը վերհիշում է Բալահովիտի միջադեպը, երբ տեղի զորամասի պահեստներն էին պայթել:
«Սույն դեպքն իր տեսակով, ըստ երևույթին, առաջինն է, սակայն հարց է առաջանում՝ տղաները, չկարողանալով հանգցնել կրակը, ինչու՞ չեն վազել դեպի դուրս, ինչո՞ւ չեն փորձել դուրս գալ: Իրավիճակը հստակ և մանրամասն պետք է ուսումնասիրվի, որպեսզի ամեն բան պարզ դառնա, և կարողանանք հստակ եզրահանգումների գալ»,- նշում է նա: