Պավլիկ Աբազյանը մեկուկես տարվա զինծառայող էր, մայրը կարի արհեստանոցում էր աշխատում, հայրը՝ մասնավոր գործեր է անում, հիմնական աշխատանք չունի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աչաջուրի վարչական ղեկավար Կարեն Ղալթաղչյանը:
«Պավլիկը մարզիկ էր, տարբեր մրցանակների էր արժանացել, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական ճարտարագիտական համալսարան, չի հասցրել դասի գնալ, տարել են բանակ: Աշխույժ, ակտիվ երեխա էր, դպրոցում լավ էր սովորում»,- նշեց Ղալթաղչյանը:
Նրա խոսքով՝ Պավլիկի ծնողներն ավելի վաղ են իմացել դեպքի մասին և գնացել դեպքի վայր, որտեղ էլ իմացել են, որ իրենց որդին ևս զոհվել է:
«Այրված մարմինների մեջ Պավլիկի ծնողները երեխայի դին չեն ճանաչել. մարմինը տարել են ԴՆԹ փորձաքննության»,- ասաց Աչաջուրի ղեկավարը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ: