Ինչպես են լինելու նոր զորանոցները, և երբ է նախատեսված դրանց ավարտը. մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանը, որտեղ այսօր տեղի էր ունեցել պայթյունը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են զինծառայողներ ու սպաներ, ժամանակավոր էր: Այն նախատեսված էր տվյալ շրջանում կենտրոնացման (տեղակայման) համար:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Այսօր նաև հայտնել էինք, որ այս, ինչպես նաեւ մյուս ստորաբաժանումների համար նախատեսված է նոր իտալական մոդուլային զորանոցների կառուցում՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխան:

Թորոսյանի խոսքով՝ մշտական տեղակայման վայրի կառուցման աշխատանքների ավարտը նախատեսված է 2023 թվականի վերջին:

«Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն»,- մանրամասնեց գերատեսչության մամուլի քարտուղարը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև լուսանկարներ ու տեսանյութ է տրամադրել մեզ, թե բարձր չափանիշներին համապատասխան զորանոցներն ինչպիսին են լինելու, նաև՝ Հայաստան հասած խմբաքանակի լուսանկարը: Դրանք ներկայացնում ենք՝ ստորև.


Նկատենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին մարտական դիրքեր այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարականներ էր տվել՝ ասելով. «Մտա տեսա, մի բան էն չեղավ, տեղում որոշումներ են կայացվելու»:

Փաշինյանը նաև ասել էր՝ պետական ծառայության մեջ ամեն նրբություն կարևոր է:

«Բաներ կան, որ մեր սխալն է եղել, որոշ բաներ ասել ենք՝ չնկատելու տանք, բայց այսուհետ այդպես չի լինելու: Ինչով, որ պետք լինի, մենք մեր բանակին ապահովելու ենք, բայց պահանջելու ենք ամենաբարձր ստանդարտը: Սա նշանակում է, որ մեր ամեն զինվորն ու հրամանատարն իր պրոֆեսիոնալ հատկություններով պետք է լինի: Խնդիր եմ դրել՝ հագուստից, զենքից սկսած՝ ամեն բան լինի պատշաճ վիճակում: Այլևս կոմպրոմիս չկա: Զինվորական ծառայության մեջ ամեն բան պետք է լինի ամենաբարձր դիրքում»,- կարևորել էր նա:

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի պայթյունի և դրա հետևանքով զոհերի ու վիրավորների մասին հայտնի դարձավ այսօր վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, որով հայտնվում էր՝ չպարզված հանգամանքներում պատահարը տեղի է ունեցել ժամը 01:30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 անձ:

Այնուհետև հայտնի դարձավ զինվորական պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց պաշտոնանկությունների մասին, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ինչ-որ կերպ պատասխանատվություն են կրում տեղի ունեցած համար:

ՀՀ քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունն էլ հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ