Բաքուն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում նախագահող, Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրի՝ Լաչինի միջանցքը բացելու հայտարարությանը և ափսոսանք հայտնել հայտարարության կապակցությամբ։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ «չի հասկանում Լաչինի ճանապարհին խաղաղ ցույցերի նկատմամբ նման վերաբերմունքը», և հայտարարել, որ բողոքի ցույցերի անցկացումն Ադրբեջանի քաղաքացիների իրավունքն է և պետք է հարգանքով ընկալվի:

«Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահին՝ մնալ անաչառ, զերծ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են խաթարել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Իսլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել էր․ «Ես մտահոգված եմ Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց ավելի ու ավելի ծանր մարդասիրական իրավիճակով։ Ես կոչ եմ անում պատկան իշխանություններին արագորեն վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ իրենց տարաձայնությունները հարթել երկխոսության միջոցով և պատրաստ լինել իրենց ներդրումն ունենալ այս հարցում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ