Զորամասի հրդեհի նախնական վարկածը հիմնված է ողջ մնացած զինվորի վկայությունների վրա․ 5 լիտրանոց տարայով ավտոբենզին լցնողը վաշտի հրամանատարն է, որը ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներից մեկն է․ նոր մանրամասներ

Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում գտնվող զորամասում տեղի ունեցած հրդեհից հետո Կառավարության նիստի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց դեպքի պաշտոնական նախնական վարկածը, համաձայն որի՝ հրդեհը բռնկվել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով։

Պապիկյանը նշեց, որ համաձայն այդ վարկածի՝ հրդեհը բռնկվել է այն բանից հետո, երբ 5 լիտրանոց տարայով ավտոբենզինով փորձ է արվել թեժացնել վառարանի կրակը, որից հետո առաջացել է բոց, ապա՝ հրդեհ։

Այս վարկածը տարածեց նաև Քննչական կոմիտեն։

Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս ընթացքում, բացի այս վարկածից, շրջանառվեցին տարատեսակ ենթադրություններ, վարկածներ, այս անգամ, սակայն, ոչ թե պաշտոնական, այլ հանրային՝ ֆեյսբուքյան խոսակցությունների մակարդակով։ Անգամ շրջանառվեց գուցե թշնամական ԱԹՍ-ից՝ զորամասի խոցված լինելու մասին վարկած։

Հիշեցնենք, որ զինծառայողներից երեքը ողջ են մնացել, այժմ գտնվում են հիվանդանոցում, նրանցից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Այրվածքաբանական ազգային կենտրոնի տնօրենն էլ նշել էր, որ տուժածները կարողանում են հաղորդակցվել։

Մեր աղբյուրների համաձայն, հենց նրանցից մեկն է պատմել, թե ինչպես է բռնկվել հրդեհը, և պաշտոնական վարկածը հիմնված է ողջ մնացած զինվորի վկայությունների վրա։

Ավելին, մեր աղբյուրի համաձայն, հենց վաշտի հրամանատարն է եղել հրդեհի պատճառը։ Նա է փորձել բենզինով թեժացնել կրակը, և հիվանդանոցում 3 տուժածներից մեկը ինքն է՝ վաշտի հրամանատարը, մյուսը՝ այն զինվորը, որը փրկել է հրամանատարին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ