«Շարժուձևից սկսած՝ մի բան էն չեղավ, կոնկրետ տեղում որոշումներ են կայացվելու». վարչապետն այս մասին զգուշացրել էր դեռևս 2022 թ. վերջին օրը

Այսօր առավոտյան ցավալի լուր տարածվեց, համաձայն որի՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:

Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ 15 զինծառայողի զոհվելուց հետո հանրապետության նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:

Բացի կորպուսի հրամանատարից, պաշտոնանկ կարվեն ևս 8 սպաներ՝ 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալը, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը, բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալը, բրիգադի՝ թիկունքի և ԿՇԾ գծով հրամանատարի տեղակալը, բրիգադի ինժեներական ծառայության պետը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատարը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով, թե որնէ եղել զինվորների մահվան պատճառը, ասաց, որ ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց՝ ավտոբենզին, և հնարավոր չի եղել հետագայում մարել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ բնականաբար առաջին հարցը, որ ծագում է, պետք է պարզաբանել, թե ով և ինչ չի արել։
«Պարզել ենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ շտաբի պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրություն՝ հետևյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին», և հստակ հրահանգավորել և հրաման է տվել, թե ինչ պետք է անել՝ հակահրդեհային կանոնները պահպանելու համար: Իհարկե, ամբողջ տեքստը պետք չի հրապարակել։

Յոթերորդ կետում նշվում է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին։ Սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրամանն է, և այս հրամանի պրիմիտիվ պահպանումը պարզապես թույլ կտար չունենալ այս դեպքը»,- ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր սահմանագծում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներին և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վայոց ձորի մարզպետի հետ միասին հանդիպել է նաև տեղի հրամկազմի հետ, և այսօր հրապարակվել է մինչ այդ չհրապարակված այդ օրվա մի տեսանյութ, որում վարչապետն իր բաժակաճառում ասել է, որ զինվորական ծառայության մեջ էլ, պետական ծառայության մեջ էլ ամեն նրբությունը կարևոր է, և խոսել է սխալներից։

«Եվ իրականում դա մեր սխալն է եղել, որ բաներ են եղել, որ նայել ենք, ասել ենք՝ շատ էս կողմ չանենք, շատ չսրենք, մի բան էլ չնկատելու տանք. էլ չի լինելու տենց բան, ոչ մի բան չնկատելու չի տրվելու, ամենափոքր նրբությունը։ Մենք ինչով պետք է՝ ապահովելու ենք բանակին, զինվորականությանը, բայց պահանջելու ենք ամենաբարձր ստանդարտով։ Դա նշանակում է, որ մեր ամեն մի զինվորը, ամեն մի հրամանատարը իր ինտելեկտուալ, ֆիզիկական, պրոֆեսիոնալ հատկություններով… պետք է մենք մեր գլխի վրայով թռնենք, ու սա միայն զինվորին չի վերաբերում, այլև բոլորիս է վերաբերում, վարչապետին էլ է վերաբերում, համայնքապետին էլ, նախարարին էլ, մարզպետին էլ։ Եվ մենք իրավունք չունենք, որ այդ հարցում որևէ կոմպրոմիս լինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև, դիմելով Սուրեն Պապիկյանին, վարչապետն ասել է, թե ինչ խնդիր է դրել, որ հագուստից ու զենքից սկսած՝ անհատական պաշտպանության միջոցներով շարունակած, զինվորական ծառայության մեջ առավել ևս, ամեն ինչ պետք է լինի ամենաբարձր մակարդակի։

«Սա վերջին օրն է. որևէ դիրք մտա, որևէ զորամաս մտա, շարժուձևից սկսած՝ մի բան էն չեղավ, կոնկրետ տեղում որոշումներ են կայացվելու»,- եզրափակել է վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ