«Ողբերգություն է, 15 զինվոր ենք կորցրել»: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ խոսելով այսօր Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած հրդեհի և դրա հետևանքով 15 զինծառայողի մահվան մասին:
Հարցին՝ արդյոք մարզում խուճապային տրամադրություններ առկա՞ են՝ հաշվի առնելով շրջանառվող որոշ լուրեր, թե կատարվածը կարող է հակառակորդի դիվերսիոն գործողության հետևանք լինել, Սարգսյանն ասաց, որ չկա խուճապ և պետք է հետևել պաշտոնական տեղեկատվությանը:
Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկի վնասվածքներն ավելի թեթեւ են, նա բաժանմունքային պացիենտ է։
ՊՆ N զորամասի կացարանում նախնական տվյալներով հրդեհը բռնկվել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման՝ մեծ քանակությամբ բենզին օգտագործվելու հետևանքով:
Նշենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որը անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձի մահ։