Ինչպես և ում շնորհիվ էր Հայաստանը հայտնվել ԵՄ ավիափոխադրողների «սև» ցուցակում․ ընդդիմադիր մամուլի պնդումները, թե «Տաթևիկ Ռևազյանի ջանքերով է» ՀՀ-ն հայտնվել այդտեղ, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը

168.am-ը «Ավինյան-Փափազյան հերթական փուչիկը պայթեց ԱԺ-ում. հարկատուների գումարներով ստեղծված «Fly Arna»-ն եկամտաբեր չէ» վերտառությամբ նյութ է հրապարակել, որտեղ պնդում է կատարել, թե Քաղավիացիայի նախկին ղեկավար Տաթևիկ Ռևազյանի ջանքերով Հայաստանը հայտնվել է ԵՄ «սև» ցուցակում։ Հրապարակմամբ կիսվել է նաև Hraparak.am-ը։

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Քաղավիացիայի երբեմնի ղեկավար և Երևանի դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի հովանավորյալ Տաթևիկ Ռևազյանի բուռն ջանքերով Հայաստանը հայտնվել էր ԵՄ «սև» ցուցակում, ինչը նշանակում է՝ հայկական օդանավերի մուտքը Եվրոպայի օդային տարածք արգելված է», — գրել է 168.am-ը։

Հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ «սև» ցուցակում հայտնվելու մասին հայտնի դարձավ 2020 թվականի հունիսի 2-ին։ Եվրամիության օդային տարածքում թռիչքներ իրականացնելու համար երրորդ երկրների ավիաընկերությունները պետք է համապատասխանեն, այսպես ասած, եվրոպական ստանդարտներին:

Այդ նպատակով Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ն, ուսումնասիրություն է իրականացնում հայտ ներկայացրած ավիաընկերություններում, և ըստ այդմ ընդունվում կամ արգելվում է («սև ցուցակ» են ներառվում) դրանց մուտքը ԵՄ երկինք։ Հայկական 2 ավիաընկերություն՝ «Տարոն-Ավիան» և «Atlantis European Airways»-ը, դիմել էին ԵՄ-ին՝ TCO՝ երրորդ երկրի օպերատոր (Third Country Operator) ճանաչվելու համար, այլ կերպ ասած՝ այս ընկերությունները ցանկացել էին թռիչքներ իրականացնել ԵՄ երկնքում («Ավիակոմպանիա Արմենիան» նման կարգավիճակ արդեն ուներ):

Նշված 2 ավիաընկերություններին TCO ճանաչելու գործընթացի շրջանակներում EASA-ն 2019 թ. հուլիսին այցելել է թե՛ նրանց, թե՛ ՀՀ քաղավիացիայի կոմիտե: Եվրամիության պաշտոնական տեղեկագրում այցի մասին նշվել էր հետևյալը. «Այցից հետո EASA-ն եկել է եզրահանգման, որ ՔԱԿ-ն այս փոխադրողների շահագործման հատուկ դրույթները (Operations Specifications) թարմացնելիս պարբերաբար չի հետևել սերտիֆիկացման գործընթացին: Ավելին՝ ՔԱԿ-ը չի կարողացել երաշխիքներ ներկայացնել առ այն, որ պարբերաբար գնահատում է իր կողմից սերտիֆիկացված ավիաընկերությունների թռիչքային անվտանգության կառավարման, թռիչքային պիտանիության համակարգերը և տեխնիկական ծառայություն մատուցող ընկերություններին:

Բացի դրանից՝ ՔԱԿ-ը չի կարողացել պարզել ավիափոխադրողների էական անհամապատասխանությունը անվտանգության միջազգային ստանդարտներին»: 2020-ին, երբ հայտնի դարձավ հայկական ընկերությունների՝ «սև» ցուցակում հայտնվելու մասին լուրը, պնդումներ էին արվում, թե Հայաստանը 2015 թվականին անցկացված ստուգումներում բարձր գնահատականներ է ստացել, և խնդիրները առաջացել են դրանից հետո, ավելի ճիշտ՝ Տաթևիկ Ռևազյանի նշանակումից հետո։

Իրականում, սակայն, 2015-ին արված ստուգումների արդյունքում գրանցված բարձր արդյունքներն արվել են ոչ թե Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA), այլ լրիվ այլ կազմակերպության՝ International Civil Aviation Organization (ICAO)-ի կողմից, որոնց մեթոդաբանությունն այլ է։ Նման մասշտաբների ուսումնասիրություն EASA-ը Հայաստանում նախկինում երբեք չէր արել։ Դրա ապացույցն է նաև այն, որ դեռ 2011թ-ին Արաբական Միացիալ Էմիրությունները զրկել է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին իրենց երկիր թռիչքներ իրականացնելու իրավունքից՝ նույն խնդիրների պատճառով։ Այսինքն՝ հայկական ավիացիայում խնդիրները առկա են եղել առնվազն 2011 թվականից, և եթե EASA-ը նման ստուգումներ աներ 2011-ին, ապա հայկական ավիաընկերությունները ԵՄ «սև» ցուցակում կհայտնվեին այդ ժամանակ։ Հիշեցնենք, որ Տաթևիկ Ռևազյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահ է նշանակվել 2018 թվականի հուլիսի 10-ին։ Այսինքն, 168․am-ի պնդումը, թե Տաթևիկ Ռևազյանի «բուռն ջանքերով» է Հայաստանը հայտնվել ԵՄ «սև» ցուցակում՝ իրականությանը, մեղմ ասած, չեն համապատասխանում։

168․am-ը իր՝ վերը նշված հրապարակման մեջ անդրադառնալով FlyArna-ին գրել է, որ ՀՀ բյուջեից 10 մլն դոլար ներդրմամբ գործող ավիաընկերությունը եկամտաբեր չէ։ Ազգային փոխադրողին անդրադառնալով նշենք, որ երբ Ռևազյանը խոսում էր Հայաստան լոուքոսթերներ բերելու մասին՝ ինչպիսիք են RyanAir-ն ու WizzAir-ը, քննադատության ալիք էր բարձրացել, որ պատերազմող երկրին պետք են ոչ թե էժան ավիատոմսերով օտարերկրյա ավիաընկերություններ, այլ՝ ազգային փոխադրող։

Ռևազյանի՝ պաշտոնին հրաժեշտ տալուց շատ չանցած հայտարարվեց նաև ազգային փոխադրողի՝ FlyArna-ի ստեղծման մասին։ Բացի դա, FlyArna-ն իր գործունեությունը սկսել է այս տարվա կեսից, և այդ տվյալները համեմատել ամբողջ տարին գործունեություն ծավալած այլ ընկերությունների հետ՝ կոռեկտ չէ։ Այս մասին ԱԺ-ում ասաց նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Այս պահին ավիաընկերությունը շահագործում է երկու Airbus A320 մոդելի ինքնաթիռ և իրականացնում է թռիչքներ վեց ուղղություններով․ հունվար ամսին ավիաընկերությունը հայտնել է երեք նոր ուղղություններով թռիչքների մասին։ Մինչ այս ավիաընկերությունը չի ունեցել թռիչքների գործառնական չեղարկումներ, ինչը վկայում է այն մասին, որ ավիաընկերության թռիչքների ծանրաբեռնվածության գործակիցը համապատասխանում է ավիաընկերության բիզնես պլանին։ Հետևաբար, պնդումը, թե FlyArna-ն եկամտաբեր չէ, որևէ կերպ 168.am-ի հրապարակած նյութում չի ապացուցվում և հիմնված է ենթադրությունների և դատողությունների վրա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ