«ՀՀԿ-ականները գեյ ակտիվիստ են, իրենք են տրանսգենդերին անձնագիր տվել». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին ու դրան հաջորդած իրադարձություններին։ Նա ասաց, որ իր տպավորությամբ ՀՀԿ որոշ գործիչներ հարցեր են տալիս, թե ի՞նչ է կատարվում։

«Ես ուզում եմ ձեզ ասել, որ 2015 թվականին Հայաստանի իշխանությունը, պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում՝ Լիլիթ Մարտիրոսյանին անձնագիր է տվել, գրել է՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հարց տվեց՝ Հանրապետականների շրջանում ընդունվա՞ծ է, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլիթ է։ Փաշինյանը բացատրեց, որ այն պահին, երբ այդ իշխանությունն այդ անձին տվել է ՀՀ քաղաքացու անձնագիր, այդ պահին էլ նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով ու պարտականություններով։

«Եվ էսօր հանրապետականները … ես որ իրենց ասում էի՝ դուք գեյ-ակտիվիստ եք, իրանք չէին հավատում, իրենք, իրոք, էդպիսի կարգավիճակից չեն կարող խուսափել։ Եվ սա ևս մեկ ապացույց է։ Էտ ո՞ւմ են եկել, ինչի մեջ մեղադրում», – ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ