Եվրամիությունն Իրանին կոչ է անում վերացնել մահապատիժը

Եվրամիությունն ամենավճռական կերպով դատապարտում է Իրանում բրիտանա-իրանական Ալիռեզա Աքբարիի մահապատիժը եւ կրկին հիշեցնում իր վճռական դիրքորոշումը ցանկացած հանգամանքներում մահապատժի կիրառման դեմ։ Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ՝ կապված Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեղադրանքով Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալիռեզա Աքբարիի մահապատժի հետ։

«Եվրամիությունը ցավակցում է պարոն Աքբարիի ընտանիքին եւ իր լիակատար համերաշխությունն է հայտնում Մեծ Բրիտանիային։ Եվրոպայի քաղաքացու մահապատիժը սարսափելի նախադեպ է, որին ԵՄ-ն ուշադիր կհետեւի:

Մահապատիժը խախտում է կյանքի անքակտելի իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում եւ դաժան, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող պատժի բարձրագույն ձեւ է։

Եվրամիությունը կոչ է անում Իրանին զերծ մնալ հետագա մահապատիժներից եւ հետեւողական քաղաքականություն վարել մահապատիժը վերացնելու ուղղությամբ»,- ասված է ԵՄ հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ