Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Քանաքեռ նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության։ Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական կայքից։

Դատարանի վճռի մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտող արտահայտություններ չեն արվել 2021թ․ մարտի 1-ին տեղի ունեցած ելույթի ընթացքում։

Դատարանը հետազոտել է Փաշինյանի ելույթը և գտնում է, որ այն հիմնականում իրենից ներկայացնում է քաղաքական խոսք, քանի որ պարունակում է քաղաքական խոսքին բնորոշ հատկանիշներ և քաղաքական գնահատականներ, բացի այդ այն միևնույն ժամանակ պարունակում է նաև հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ կարծիքներ և դատողություններ՝ կապված նաև 2008թ․ մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետ։

«Ելույթի ընթացքում պատասխանողը որևէ կոնկրետ անձի՝ մասնավորապես հայցվորին, ընդհանրապես չի անդրադարձել, ուստիև հնարավոր չէր խախտել նրա անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ ինչն արդեն իսկ բավարար է արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու և խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջն անհիմն գնահատելու համար»- նշված է հրապարակված վճռում:

Հայցը վերաբերում է 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությանը.

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ «Մարտի 1»-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ»։

Քոչարյանի փաստաբանները ներկայացված հայցով դատարանից պահանջում էին Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվոր Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ և պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել 01.03.2021 թվականին Հանրապետության հրապարակում հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները` հերքումը տարածելով Հայաստանի կառավարության պաշտոնական Youtube ալիքով, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, պատասխանող Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, հանրային հեռուստաընկերության «Լուրերի» Youtube ալիքով, 1in TV-ի Youtube ալիքով, «Ազատություն» TV-ի Youtube ալիքով, 168.am–ի Youtube ալիքով, PastinfoTV-ի Youtube ալիքով, armeniasputnik.am, armtimes.com, news.am, 168.am էլեկտրոնային լրատվության միջոցներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ