Անցում ենք կատարում ավելի խոշոր քաղաքաշինական ծրագրերի. Քերոբյանը խոսել է նոր քաղաքներ կառուցելու մասին

Արդեն անցում ենք կատարում ավելի խոշոր քաղաքաշինական ծրագրերի՝ Երևանում թաղամաս առ թաղամաս վերանորոգելու, նոր թաղամասեր կառուցելու, ինչպես նաև նոր քաղաքներ կառուցելու։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Խոսակցություններ են պտտվում, թե մեր բնակարանաշինության շուկան գերտաքացած է, գերհագեցած է, պետք է կոտրեմ այդ միֆը։ Տարեկան ՀՀ-ում շահագործման է հանձնվում մոտ 300-400 հազար քառակուսի մետր նոր բնակֆոնդ, որը մեր պահանջարկից 5 անգամ քիչ է։ Մեր բնակֆոնդը բավարար չափով մաշված է, կարիք կա ավելի արագացնելու բնակարանաշինության տեմպերը։ Առաջիկա տարիներին դա ևս կօգնի տնտեսական աճին՛՛։

Նախարարն ասել է նաև, որ ինքը համաձայն չէ, որ մեր տնտեսական աճի առյուծի բաժինը կապ չունի կառավարության աշխատանքի հետ։

՛՛ՀՀ տնտեսությունը անցած տարվա առաջին երկու ամիսներին նույնպես տպավորիչ աճ էր գրանցել, դա մինչև աշխարհաքաղաքական փոփոխություններն են։ Դա մեր վարած տնտեսական քաղաքականության արդյունքն է՝ արտահանմանը միտված և մշակող արդյունաբերությանը օգնող։ Երբ նայում ենք ամբողջ տարվա տվյալները տեսնում ենք, որ զգալի աճ ունենք մշակող արդյունաբերության և տնտեսության ոչ բարձր պահանջարկի վրա հիմնված ոլորտների վրա՛՛,-նշել է նա:։

Այս տարի ա, Քերոնյանի խոսքով, առաջին անգամ ՀՀ պատմության մեջ արտահանում-ՀՆԱ հարաբերակցությունը շատ մոտ է գտնվում 50 տոկոսի սահմանին, որը, ըստ նրա, շատ լավ ցուցանիշ է։

՛՛Դա դեռևս պոտենցիալի սկիզբն է։ Հայերը դեռևս միջնադարից եղել են Հնդկաստանի ու Եվրոպայի միջև առևտրի գլխավոր դերակատարներից մեկը, ինչու հիմա դա մենք չենք անում, դա է մեծ հարցը՛՛,-նշել է նախարարը։

Նա նաև ասել է, որ իրենք փորձում են Հայաստանում կուտակվող արժեքը կոնվերտացնել տնտեսական պոտենցիալի։ ՛՛Մեր տնտեսական արդիականացման ծրագրով մոտ 800 ընկերություն, մոտ 50 միլիարդ դրամի սարքավորումներ են ձեռք բերել, որը պիտի օգտագործեն իրենց արտադրողականությունը բարձրացնելու համար։ Մեր տնտեսության արտադրողականությունն անցած տարի մոտ 30 տոկոսով բարձրացել է՛՛,-նշել է Քերոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ